«Ումբերտո» անունն ստացած արևադարձային փոթորիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասում և շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ
«Ումբերտո» անունն ստացած արևադարձային փոթորիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասում և շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնին (NHC)։
Օդերևութաբանների տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասել է ժամում 65 կիլոմետրի։ Փոթորկի շարժման արագությունը կազմում է ժամում 9 կիլոմետր։ Նշվում է, որ «Ումբերտոն» գտնվում է Մեծ Բահամյան կղզուց 365 կիլոմետր հարավ-արևելք և Աբակո կղզուց 210 կիլոմետր հարավ-արևելք հեռավորության վրա։
«Դորիան» փոթորիկը, որն առավելագույն վտանգավորության՝ հինգերորդ կարգի էր, Բահամյան կղզիներին հարվածեց սեպտեմբերի 1-ին և ավերիչ ազդեցություն ունեցավ Բահամների հյուսիսային մասում գտնվող Աբակո կղզու ենթակառուցվածքի վրա։ Փոթորկի զոհ դարձավ 50 մարդ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային դաշնությունը (IFRC) տեղեկացրել է, որ Բահամներում քանդվել կամ վնասվել է 13 հազար տուն։ Ամերիկյան RMS ընկերությունը, որը զբաղվում է ռիսկերի մոդելավորմամբ, հայտարարել է, որ փոթորկի հետևանքների ապահովագրական վնասը Կարիբյան շրջանում կկազմի 3,5-6,5 մլրդ դոլար։