«Դորիանից» հետո բահամցիները փնտրում են հարազատներին եւ մերձավորներին. որոնվում է 1300 մարդ
Բահամյան կղզիների բնակիչները փնտրում են հարազատներին եւ մերձավորներին, ովքեր անհետ կորել են «Դորիան» ավերիչ փոթորկից հետո. 1300 անհետ կորածների մասին հայտարարությունները հիմնականում հրապարակվում են սոցցանցերում, տեղեկացնում է Associated Press-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, համաձայն կառավարության պաշտոնական տվյալների՝ տարերքի զոհ է դարձել 50 մարդ։ Միեւնույն ժամանակ, իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհվածների ցանկը նախնական է։
Բացի այդ, իշխանությունները կարծում են, որ անհետ կորածներից շատերը կարող են թաքնվել թաքստոցներում՝ հնարավորություն չունենալով կապվել մերձավորների հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «Դորիան» փոթորիկը հարվածեց Բահամյան կղզիներին, այն վտանգավորության ամենաբարձր՝ հինգերորդ կարգի էր։