Այս պահին մեր հիմնադրամը չի կարող 10-ական մլն վճարում կատարել զոհված զինծառայողների ընտանիքներին. Ավետիքյան
Այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը չի կարող «մարտի 1»-ի զոհերին հատկացվող օժանդակության չափով գումար հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, որն առաջարկում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, կարծում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Ըստ նրա՝ խոսքը «մարտի 1»-ի զոհերի հարազատներին տրվող 30 մլն օժանդակության մասին է և առաջարկվում է, որ զոհված զինծառայողներին այդ 30 մլն դրամից 10 մլն-ը վճարի իրենց հիմնադրամը, մացածը կառավարությունը:
«6640 հատուցում պետք է կատարվի, եթե դա բազմապատկենք 10 մլն դրամով, դա անում է 66 մլրդ դրամ: Այս պահին հիմնադրամը 18 մլրդ դրամ ունի, այսինքն ֆինանսական առումով դա այս պահին անհնար է»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացած 20 մլն դրամի մասով պետք է հարցն ուղղել կառավարությանը: