Թրամփը վստահ է, որ Իրանը «հանդիպում է ցանկանում»
Իրանի ղեկավարությունը ցանկանում է հանդիպել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես կարող եմ ձեզ ասել, որ Իրանը ցանկանում է հանդիպել»,- ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը, տեղեկացնում է AFP-ն։
Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել նախագահ Հասան Ռոհանիի հետ, որը, ինչպես սպասվում է, կայցելի ՄԱԿ Գլխավոր վեհաժողով։ Սակայն իրանցիները մինչեւ օրս դրական պատասխան չեն տվել։
Նախօրեին Ռոհանին ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ բանակցություններն ԱՄՆ-ի հետ, առանց պատժամիջոցների չեղարկման, անիմաստ են։
Ավելի ուշ՝ նույն օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ասել էր, որ Թրամփի եւ Ռոհանիի հանդիպում Նյու Յորքում չի նախատեսվում։
Սակայն որոշ վերլուծաբաններ հետագա փոխզիջման հույս ունեն այս շաբաթ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո, որը կոչ էր անում ռազմական ուժ կիրառել եւ փոխել Իրանի ռեժիմը։
Թրամփի եւ Ռոհանիի հանդիպման գաղափարն անցած ամիս արտահայտել է նախագահ Մակրոնը, որը գլխավորում է լարվածության թուլացման եվրոպական ջանքերը։