Վերսկսվել է չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (Լուսանկարներ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող Նորքի «Զինված խմբի» գործը։
Հիշեցնենք, որ գործը վերամակագրվել էր դատավոր Մեսրոպ Մակյանին այն բանից հետո, երբ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Այպիսով չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։ 19 ամբաստանյալներից այժմ միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ։