Հայաստանը կո՞ղմ է, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. Գագիկ Համբարյան
Հայաստանը կո՞ղմ է, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ։ Այսպիսի հարցադրումով ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի դիտարկմանը, թե Ադրբեջանի միանալը ՀԱՊԿ-ին գուցե օգուտ տա Հայաստանին։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծությամբ մեջբերում են ՀՀ ԱԺ "Իմ Քայլը" դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստի ժամանակ արտահայտած այն միտքը, որ Հայաստանի և Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը Հայաստանին միգուցե օգուտ տա...
Ու որպես օրինակ բերել էր Թուրքիային և Հունաստանին, որոնք, իբրև թե գտնվելով անվտանգության միասնական համակարգի ձևաչափում (ՆԱՏՕ-ում), մշտապես պատերազմներ են վարել միմյանց միջև, և, եթե ՆԱՏՕ-ում գտնվելը չլիներ, նրանք կշարունակեին հակամարտել միմյանց հետ...
Զարմանալի է, թե որտեղից պարոն Ենգիբարյանին թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ այսպիսի ապատեղեկատվություն, որը նա համեմել է ՆԱՏՕ-ի գովեստով... Իշխանական պատգամավորը կամ ընդհանրապես շատ հպանցիկ է տեղեկացված թուրք-հունական հարաբերություններից, կամ էլ միտումնավոր ստում է՝ փորձելով պարզել հասարակության վերաբերմունքը Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցին, իսկ լավագույն դեպքում էլ ընդհանրապես Բաքվին ՀԱՊԿ անդամ դարձնելուն, քանի որ երկուսի պարագայում էլ Երևանի դիրքորոշումը կարևոր է... Նախ հիշեցնեմ, որ 1952 թ-ից ի վեր, երբ Հունաստանը և Թուրքիան դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, երկու երկրների միջև հակամարտությունները ոչ միայն չեն նվազել, այլև բացահայտ պատերազմել են և ՆԱՏՕ-ն լռել է... 1955 թ-ին թուրքական իշխանությունների կողմից Ստամբուլում կազմակերպված տեղի հույների ջարդերից հետո Հունաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ... 1963-74 թթ-ին Հունաստանի և Թուրքիայի միջև Կիպրոսի համար ընթացող հակամարտությունն ավարտվեց կղզու հյուսիսային մասի օկուպացումով... Իսկ այդ ընթացքում Կիպրոսում տեղակայված երկու բրիտանական (նատօյական) ռազմաբազաները՝ Ակրոտիրին և Դեկելեյան, դիտորդի կարգավիճակով էին հետևում թուրքերի բարբարոսություններին...
1987 և 1996 թթ-ներին Աթենքի և Անկարայի միջև ծագած Էգեյան ճգնաժամը մինչև հիմա լուծում չի ստացել և շարունակում է իրենից մեծ վտանգ ներկայացնել ...
Պարոն Ենգիբարյանին հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ում դիտորդ կամ անդամ լինելով Ադրբեջանը երբեք չի դադարի Հայաստանը դիտարկել որպես թշնամական երկիր, ինչպես դա արել և անում է Թուրքիան իր "ռազմավարական գործընկեր" Հունաստանի նկատմամբ... Ինչպես Անկարան էր տենչում Կիպրոսի համար և արհամարհելով ՆԱՏՕ-ի իր գործընկեր Հունաստանի շահերն հարձակվեց կղզու վրա, այդպես էլ Ադրբեջանը չի վարանի մեր որոշ "գործընկերներին" օգտագործել մեր դեմ և ստանալ Արցախը... Խորհուրդ կտամ պարոն Ենգիբարյանին զուսպ լինել իր արտահայտություններում և չփորձել միջազգային հարաբերություններից դիլետանտական "գիտելիքները" Ադրբեջանին ինչ-ինչ ֆորմատով ՀԱՊԿ-ում տեսնելը և, իբրև թե, դրանից Հայաստանի օգուտ ստանալը, ներկայացնել որպես նոր մոտեցում...
Հիշեցնեմ, որ պաշտոնական Բաքուն վաղուց է զոնդաժ անում և փորձում ընկալել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում կհայտնի իր ՀԱՊԿ-ում դիտորդ կամ անդամ դառնալու հարցի վերաբերյալ...
Ցավոք, հետհեղափոխական իշխանությունները, որքան հասկանում եմ, փորձում են տարբերվել նաև այս հարցում, որը, համոզված եմ, աղետալի հետևանքներ է ունենալու... Ադրբեջանը ոչ մի պարագայում չպետք է ո՛չ դիտորդի կարգավիճակ ստանա, ո՛չ էլ անդամակցի ՀԱՊԿ-ին, նույնիսկ, եթե դա ցանկանան ՀԱՊԿ անդամ բոլոր մեր "գործընկերները"...
Հ.Գ. Ի դեպ, պարոն Ենգիբարյանի մտքերն ալիևյան մամուլը ներկայացնում է որպես Փաշինյանի մերձավորի խոսքեր... Հուսանք, պարոն Ենգիբարյանն իր սեփական տեսակետն է հայտնել այս հարցի վերաբերյալ, ինչպես անում են տարբեր խնդիրների և հարցերի վերաբերյալ "Իմ Քայլ"-ականները և Բաքվի երազանքները այդպես էլ երազանք կմնան...»։