Ռոհանին Մակրոնին. ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են, քանի դեռ գործում են պատժամիջոցները
Իրանի եւ ԱՄՆ բանակցությունները տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում անիմաստ են։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Tasnim-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի կատարում 2015 թվականի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները դրանից դուրս գալուց հետո։ «Իրանի վարչակազմի, խորհրդարանի եւ ժողովրդի տեսակետից՝ քանի դեռ գործում են պատժամիջոցները, բանակցություններն ԱՄՆ-ի հետ անիմաստ են»,- ասել է նա։
Ռոհանին նշել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ բանակցություններ սկսել միջազգային «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ միայն պատժամիջոցները հանելու դեպքում։
Մակրոնն իր կողմից հղում է կատարել ԱՄՆ-ի հետ Իրանի վերաբերյալ իր կառավարության ինտենսիվ բանակցություններին եւ ասել, որ Փարիզը կշարունակի ջանքերը համաձայնագրի իրականացման եւ փոխըմբռնման հասնելու ուղղությամբ։
Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել այս հարցի շուրջ խորհրդակցությունները։