ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները
Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին նշված է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ռուսաստանում եւ Ուկրաինայում 170 ֆիզիկական եւ 44 իրավաբանական անձանց դեմ Սահմանափակող միջոցառումները երկարացված են մինչեւ 2020 թվականի մարտի 15-ը: Բրյուսելը նրանց մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սասանման մեջ:
Պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականի մարտին եւ այդ ժամանակից սկսած պարբերաբար կես տարով երկարացվում են: Սահմանափակումները նախատեսում են ակտիվների սառեցում եւ ԵՄ տարածք մուտքի արգելք:
Եվրամիության Խորհուրդը հունիսին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարացրել էր մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական հատվածներին: ԵՄ այս որոշումը ՌԴ ԱԳՆ-ն անվանել է ոչ կառուցողական խաղեր: