Այս տարի վստահաբար նախատեսված 330 կմ-ից ավելի շատ ճանապարհներ կհիմնանորոգվեն. Ավինյան
Այս տարի վստահաբար նախատեսված 330 կմ-ից ավելի շատ ճանապարհներ կհիմնանորոգվեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս պահին աշխատանքներն ընթանում են 307 կմ ճանապարհների հիմնանորոգման վրա, եւս 70 կմ-ը ավարտված են: Դրանից զատ ունենք աշխատանքներ Երեւան քաղաքում, որոնց մասին չենք խոսել: Աշխատանքներ, որոնք կատարվում են նաեւ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Այս տարվա ծրագիրն արդեն իսկ գերակատարելու ենք, եւ արդեն 2020 թվականից որոշ ծրագրեր տեղափոխել են 2019 թվականի ծրագրի մեջ: Մինչեւ 2023 թվականի մեր պլանն այն է, որ լինելու է նվազագույն 2500 կմ միջպետական եւ հանրապետական ճանապարհ, որտեղ կատարվելու են հիմնանորոգման, վերանորոգման եւ միջին նորոգման աշխատանքներ: Դա չի ներառում «Հուսիս-հարավ» ճանապարհահատվածը: Այս տարի ռեկորդային թիվ ենք ունենալու ճանապարհաշինության ոլորտում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա նշանակում է, որ հաջորդ տարվա համար պետք է նախատեսվի մոտ 500 կմ ճանապարհի հիմնանորոգում: «Սա բարձրաձայնում ենք, որ շատ մեր հայրենակիցներ, որոնք Ռուսաստանում, Ղազախստանում, այլ երկրներում այդ գործերով են զբաղվում, շփումների ընթացքում տեսել ենք, որ նորագույն տեխնոլոգիաների են տիրապետում, հետեւաբար, պետք է երաշխավորենք, որ մրցույթներում հաղթեն միայն այնպիսի ընկերություններ, որոնք տեխնիկապես ի վիճակի են աշխատանքը կատարել ժամանակին ու որակով»: