Թրամփի վարչակազմը հրամանագիր է պատրաստել փոստային առաքումների ստուգումը խստացնելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է կատարողական հրամանագիր փոստային առաքումների ստուգումը խստացնելու մասին, որոնք ԱՄՆ-ը ստանում է այլ երկրներից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ համաձայն այս հրամանագրի սեւագրի՝ ԱՄՆ Փոստային ծառայությունը լրացուցիչ լիազորություններ կունենա ոչ մեծ ծանրոցների ստուգման համար, որոնք երկիրն ստանում է ինքնաթիռներով։ Հրապարակման մեջ նշվում է, որ այս միջոցներն ուղղված են նախ եւ առաջ Չինաստանից ԱՄՆ ուժեղ ազդեցության օփիոիդ դեղամիջոցների, այդ թվում ֆենտանիլի ներկրումը կանխելուն։ Պարբերականը փաստում է, որ հրամանագրի տեքստում չեն նշվում փոստային ընկերությունները, այդ թվում FedEx-ը կամ UPS-ը։
Նշված միջոցները «վերաբերելու են բոլոր երկրներին, բայց հետեւանքներն ավելի նշանակալի կլինեն Չինաստանի համար»։ Համաձայն պարբերականի գնահատականների՝ Չինաստանից ավելի հաճախ է ԱՄՆ գալիս «կոնտրաֆակտային արտադրանք եւ ֆենտանիլ»։ Թե երբ է ԱՄՆ նախագահը ծրագրում ստորագրել հրամանագիրը՝ հրապարակման մեջ չի նշվում։
Օգոստոսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պարտավորեցնել ԱՄՆ Փոստային ծառայությանը, ինչպես նաեւ FedEx, UPS եւ Amazon ընկերություններին «իրականացնել բոլոր բեռների ստուգում դրանցում Չինաստանից կամ որեւէ այլ երկրից ֆենտանիլի առկայությունը պարզելու եւ դրանց առաքումն արգելելու համար»։ «Ֆենտանիլը տարեկան 100 հազար ամերիկացի է սպանում։ (Չինաստանի) նախագահ Սի (Ցզինպինը) հայտարարել է, որ դա (Չինաստանից ԱՄՆ ֆենտանիլի առաքումը- ծան.՝ ՏԱՍՍ-ի) կդադարեցվի։ Դա չի դադարեցվել»,- այն ժամանակ նշել էր Թրամփը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ իշխանությունները, հանցավոր խմբավորումներն անլեգալ Չինաստանում պատրաստված ֆենտանիլ եւ դրա ածանցյալներ են ներկրում ԱՄՆ, որտեղ թմրավաճառները վաճառում կամ խառնում են այն այլ թմրանյութերի՝ հերոինի եւ կոկաինի հետ՝ քաշն ու ազդեցության ուժն ավելացնելու համար։ Դա հանգեցնում է չափաբաժնի չարաշահման եւ մահվան։