Փորկապություն,փորի փքվածություն, ջղակծկումներ. Կոլորեկտալ քաղցկեղ. Ահա թե ինչո՞ւ անհապաղ պետք է դիմեք բժշկի
Եկամտի բարձր մակարդակով մեծ թվով երկրներում երիտասարդների շրջանում աճում է հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը, չնայած տարեցների շրջանում այն մնում է կայուն կամ նվազում է:
Նոր հետազոտության համաձայն՝ երիտասարդների շրջանում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի թվի մեծացման միտումը սկսվել է 1990-ական թվականների կեսին:
«Եթե ձեզ մոտ առկա են կոլորեկտալ քաղցկեղին համապատասխանող ախտանշաններ, դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ՝ ձեր տարիքից անկախ,- ասում է հետազոտության համահեղինակ Ռեբեկա Սիգելը, որը Ամերիկյան ուռուցքաբանության միությունում հսկողության հետազոտությունների ղեկավարն է: - Երիտասարդների շրջանում մեր հետազոտությունների վրա հիմնված առավել տարածված ախտանշանները նույնն են, ինչ տարեց պացիենտների շրջանում՝ փորկապություն, ռեկտալ արյունահոսություն, փորի փքվածություն, դիարեա, գազեր, ցավ, ջղակծկումներ»:
Սիգելի խոսքով՝ անհրաժեշտ է բժշկի դիմել, եթե ախտանշանները շարունակվում են 2-3 շաբաթ:
Սիգելը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են գլոբալ տվյալները՝ փորձելով պարզել, թե ինչու է ԱՄՆ-ում երիտասարդների շրջանում նկատվում հաստ աղիքի քաղցկեղի աճ:
«Սա, կարծես թե, տեղի է ունենում միայն եկամտի բարձր մակարդակով երկրներում եւ սկսվել է 1990-ական թվականների գրեթե կեսին, երբ ինչ-որ բան փոխվել է ազդեցության տեսակետից: Հավանաբար, ինչ-որ բաների համակցությունը, որոնք սկսել են փոխել հիվանդության ռիսկերը»:
Նրա խոսքով՝ դա կարող է կապված լինել սննդակարգի փոփոխության հետ:
«Պարենի առաջարկը սաստիկ փոխվել է 20-րդ դարի երկրորդ կեսին,- հավելել է նա: - Չնայած սա նման է գրեթե խոտի դեզի մեջ ասեղ փնտրելուն: Համենայնդեպս, մի քանի հետազոտություն է կատարվել՝ նվիրված շաքարով քաղցրացված ըմպելիքներին, որոնք հայտնաբերել են, որ նույնիսկ չափավոր գործածումը ռիսկը մեծացնում է: Դա ոչ միայն քաղցրացված ըմպելիքն է, այլ նաեւ ֆրուկտոզայի մեծ պարունակությամբ եգիպտացորենի օշարակը, ածխաջրերը՝ գլիկեմիկ բարձր ծանրաբեռնվածությամբ, որոնք կարող են ստեղծել աղիքներում բորբոքային միջավայր»:
2008-2012 թվականներին 42 երկրներում 20-49 տարեկանների շրջանում հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշներն ամենացածրն են եղել Հնդկաստանում (3,5՝ 100 000 մարդու համար), Ուգանդայում (3,8՝ 100 000) եւ Չիլիում (3,8՝ 100 000), եւ ամենաբարձր ցուցանիշները եղել են Կորեայում (12,9՝ 100 000), Ավստրալիայում (11,2՝ 100 000), ԱՄՆ-ում (10,0՝ 100 000) եւ Սլովակիայում (10,0՝ 100 000):
Քաղցկեղի դեպքերի թվի աճ է նկատվել նաեւ այլ երկրներում՝ Կանադայում, Դանիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Սլովենիայում, Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում:
Երիտասարդների շրջանում հաստ աղիքի քաղցկեղի ամենաշատ դեպքերը գրանցվել են Նոր Զելանդիայում, որտեղ միջին տարեկան տոկոսային փոփոխությունը կազմել է 4 տոկոս, եւ Կորեայում, որտեղ այն կազմել է 4,2 տոկոս:
Ընդ որում՝ տարեցների շրջանում հիվանդացության ցուցանիշները նվազել են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում:
Չնայած սա առաջին հետազոտությունը չէ, որը ցույց է տալիս հաստ աղիքի քաղցկեղի երիտասարդանալը, «դա շատ մտահոգիչ է», կարծում է քաղցկեղի մասնագետ եւ Պիտսբուրգի համալսարանի դպրոցին առընթեր UPMC Hillman ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Էդվարդ Չուն:
«Մենք 40-49 տարեկանների շրջանում հիվանդացության բավականին զգալի աճ ենք նկատում: Նրանց մոտ, որպես կանոն, հիվանդությունների առավել ագրեսիվ տեսակներ են նկատվում»,- նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ հաստ աղիքի քաղցկեղը կարող է «լուռ» անցնել, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է կենտրոնանալ հիվանդության կանխարգելման վրա:
«Կրճատեք կարմիր մսի օգտագործումը, ավելացրեք մրգերի, բանջարեղենի եւ բջջանյութի օգտագործումը: Փորձեք ֆիզիկապես ակտիվ լինել, մի ծխեք եւ նիհարեք, եթե ավելորդ քաշ ունեք»,- հավելել է Էդվարդ Չուն: