Վլադիմիր Պուտինը Գրիգորի Կարասինին ազատել է պետական քարտուղար-արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից
Վլադիմիր Պուտինը Գրիգորի Կարասինին ազատել է պետական քարտուղար-արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2005 թվականից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Կարասինի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Եվգենի Իվանովը։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Իվանովը մինչ այդ աշխատել է փոխարտգործնախարար։
Պետական քարտուղար-արտաքին գործերի փոխնախարարի պարտականությունների մեջ է մտնում փոխգործակցությունը պետական մարմինների հետ։
Հուլիսին Կարասինը չէր բացառում, որ կանցնի աշխատանքի Դաշնության ժողովում։ Այդպիսի հայտարարություն նա արել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվել էին հրապարակումներ, թե նա կարող է դառնալ սենատոր Սախալինից։ Դիվանագետը նշել է, որ դա կախված կլինի այդ թվում եւ ընտրությունների արդյունքներից։
ԱԳՆ-ում Կարասինը ղեկավարել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների հարցերը, արտասահմանում հայրենակիցների հետ աշխատանքը, պատասխանատու է եղել Դաշնային ժողովի պալատների, Ռուս Ուղափառ եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության, ներառյալ նախարարության օրենսդրական գործունեության համար։
Օգոստոսի վերջին Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով Կարասինին պարգեւատրեց «Հայրենիքի առջեւ ունեցած վաստակի համար» 3-րդ աստիճանի շքանշանով։ Մինչ այդ նա պարգեւատրվել էր Բարեկամության շքանշանով, «Հայրենիքի առջեւ ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի, Ալեքսանդր Նեւսկու, ինչպես նաեւ մի շարք այլ շքանշաններով։