Թրամփը կոչ է արել խոնարհել դրոշները՝ ի հիշատակ 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել խոնարհել դրոշները՝ ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Սույնով ես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփս, 2019 թվականի սեպտեմբերի 11-ը հայտարարում եմ Հայրենասերի օր։ Ես կոչ եմ անում ԱՄՆ բոլոր դեպարտամենտներին, գործակալություններին եւ գերատեսչություններին խոնարհել դրոշները Հայրենասերի օրը՝ ի հիշատակ այն մարդկանց, ովքեր զոհվեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում։
Չորեքշաբթի գործարար Նյու Յորքի խորհրդանիշների՝ Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհի 18-րդ տարելիցի օրն է։
2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում «Ալ Քաիդայի» մահապարտները զավթեցին չորս ուղեւորատար ինքնաթիռ՝ դրանցից երկուսն ուղղելով Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների վրա, իսկ մյուս երկուսը՝ Պենտագոնի եւ, ենթադրաբար, Սպիտակ տան կամ Կապիտոլիումի։ Բոլոր ինքնաթիռները, բացի վերջինից, հասան նպատակին։ Չորրորդ ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու մի դաշտում։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհ դարձավ 2974 մարդ, 24 մարդ համարվում է անհետ կորած։