Թուրքիան շարունակում է սադրանքները Կիպրոսի հանդեպ. Հունաստանի վարչապետ
Թուրքիան շարունակում է սադրանքները Կիպրոսի հանդեպ։ Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AP-ը։
Անաստասիադեսի այցը տեղի է ունեցել այն բանից մեկ օր հետո, երբ կղզու վերամիավորման վերաբերյալ բանակցությունների վերականգնման ջանքերը բախվեցին խոչընդոտների, քանի որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասաց, որ կիպրոսցի հույները պետք է համաձայնեն, որ թուրքերը երկրի կառավարման հարցում հավասար իրավունք են ունենալու մինչեւ բանակցությունների սկսվելը։
Բացի այդ, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կշարունակի հորատումը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, մինչեւ որ Կիպրոսն ընդունի կիպրոսցի թուրքերի հետ ածխաջրածինների համատեղ որոնման մասին առաջարկը։
«Շարունակվում է Թուրքիայի անօրինական վարքը Կիպրոսի հանդեպ»,- ասել է Մացոտակիսը։ «Առճակատման հռետորաբանության հետ համատեղ դա ի ցույց է դնում նաեւ Թուրքիայի միջազգային մեկուսացումը»։
Անաստասիադեսն ասել է, որ Չավուշօղլուի վերջին հայտարարություններն ապացուցել են «կիպրոսցի հույների համայնքի մտավախությունը, որ կիպրոսցի թուրքերին լիովին վերահսկում է Անկարան»։
Միցոտակիսը եւ Անաստասիադեսը «հաստատել են, որ վճռական են վերսկսելու առարկայական բանակցությունները, որոնք կհանգեցնեն կիպրական խնդրի կենսունակ եւ գործնական լուծմանը»։