«Ընդհանրապես որևէ մտավախություն չունենք». Մարությանը՝ «Սանիթեքի» կողմից արբիտրաժ դիմելու մասին
Տարվա ընթացքում մենք բարբերաբար ՄԻՊ-ից ստանում էինք նամակներ, որտեղ «Սանիթեքի» աշխատակիցները դիմել են իրենց եւ բողոքում են, որ «Սանիթեքը» չի տալիս իրենց աշխատավարձը, չեն անում վերջնահաշվարկը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ «Սանիթեքում» սա պարբերաբար բնույթ է կրել:
Մարությանը նշեց, որ այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, որոնք պահանջում են իրենց աշխատավարձը, ամենայն հավանականությամբ, ուղղորդված միջոցառում է. «Մեր աշխատակիցները նրանց հարց են տվել, թե ընդհանրապես, դուք երբ եք ստանում աշխատավարձը և պատասխանը եղել է՝ ամսի 5-ից հետո: Այսօր ամսի 10-ն է: Երևի «Սանիթեքի» կողմից է ուղղորդվում, այսինքն իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա: Մենք մենակ չենք թողնի «Սանիթեքի» աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք: Բայց այն, ինչ փորձում է ասել «Սանիթեքը», թե քաղաքապետարանը փողը չի տվել, դրա համար աշխատավարձ չեն տալիս, ուզում եմ ասել, որ ընդհանուր գումարի 9 տոկոսի չափով են եղել տուգանքները»,-ասաց քաղաքապետը:
Նա ընդգծեց, որ Սանմաքրման համայնքային հիմնարկը աշխատակիցների համալրման փուլում է և մարդիկ կարող են դիմել:
Հայկ Մարությանն ասաց, որ «Սանիթեքին» տրվելիք 3.3 մլրդ դրամից 9 տոկոսի չափով տուգանքներ են պահվել:
«Հիմա իրավական պրոցես է գնում: «Սանիթեքը» միջազգային ընկերություն է, մեկ օրվա բան չի հարցերի լուծումը»,-ասաց նա, իսկ դիտարկմանը, թե «Սանիթեքը» սպառնում է արբիտրաժով, Հայկ Մարությանը նկատեց. «Մենք այնքան ճիշտ ու հստակ գործողություններով ենք առաջ գնացել, որ ընդհանրապես որեւէ մտավախություն չունենք»:
Ըստ Հայկ մարությանի՝ այսօր Երևանում աշխատում է 26 աղբատար մեքենա, երեք օրից ևս 8 մեքենա կմիանա նրանց:
Հարցին, թե երբ է լուծվելու աղբահանության հարցը, քաղաքապետը պատասխանեց. «Մոտակա ամիսներին կտրուկ լավացում է լինելու, իսկ վերջնական լուծման համար… ես ասեմ, որ աղբահանությունը մեծ պրոցես է: Բացի այն, որը մենք տեսնում ենք, վիզուալը կլուծվի, բայց այստեղ հարցեր կան, որ նախկինում ընդհանրապես մոտիկ չեն եկել: Հարց եմ տալիս, երբ ձեր տան լամպերը, ջերմաչափերը, մարտկոցները փչանում են, դուք որտե՞ղ եք գցում: Այդ հարցը լուծված չի: մենք անդրադառնալու ենք աղբի տեսակավորմանը: Մենք սկսել ենք տեսակավորոեւմը, Դավիթաշեն համայնքում տնտեսվարողների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ իրենցստվարաթուղթը հանձնեն մեզ, տանենք վերամշակման»: