«Սանիթեքում» 5-6 ժամ ենք աշխատում, իսկ իրենց հիմնարկում «զաստավիտ» են անում, որ 8 ժամ տանջվես. Աշխատակից
Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցները պնդում են, որ աղբահանության նպատակով քաղաքապետարանի կողմից վերջերս ստեղծված հիմնարկում ավելի վատ են աշխատանքային պայմանները. շատ աշխատանքի դիմաց աշատողներին ավելի քիչ են վարձատրում։
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք պնդում են, որ չեն ստացել օգոստոսի աշխատավարձերը եւ ներկայումս աշխատանք չունեն, չեն ցանկանում աշխատել նոր հիմնարկում։
««Սանիթեք» ընկերությունը հոգ է տանում իր աշխատակիցների մասին, մեքենաներով տանում–բերում է աշխատանքի, իսկ այստեղ ասում են՝ ոնց ուզում եք գնացեք, եկեք, ես Մասիվից ամեն առավոտ ո՞նց հասնեմ Լենինգրադյան փողոցում գհտնվող հիմնարկ»,–դժգոհեց աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակից էլ հայտարարեց, որ «Սանիթեքում», որպես վարորդ է աշխատել եւ մինչեւ 260.000 աշխատավարձ ստացել.
««Սանիթեքում» 5-6 ժամ ենք աշխատում, իսկ իրենց հիմնարկում զաստավիտ են անում, որ 8 ժամ տանջվես»,–ասաց նա։
Նշենք, որ խոսքը ավագանու որոշմամբ վերջերս ստեղծված «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի մասին է, որն այս օրերին իրականացնում է քաղաքի աղբահանությունը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Աշխատակիցները դժգոհում են, որ քաղաքապետարանը չի փոխանցել «Սանիթեքի»՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի արդյունքում ընկերությունը չի կարողացել վճարվել իրենց՝ օգոստոս ամսվա աշխատավարձերը։