Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ամեն ինչ անել ԵՄ-ի հետ համաձայնագրի հասնելու համար և հերթական անգամ հայտարարել, որ իր կառավարությունը Եվրամիությանը չի խնդրի Brexit-ը ավելի ուշ ժամկետ տեղափոխել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է ամեն ինչ անել ԵՄ-ի հետ համաձայնագրի հասնելու համար և հերթական անգամ հայտարարել է, որ իր կառավարությունը Եվրամիությանը չի խնդրի Brexit-ը ավելի ուշ ժամկետ տեղափոխելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես հոկտեմբերի 17-ին կմասնակցեմ (Եվրոպական խորհրդի) գագաթնաժողովին եւ ամեն ինչ կանեմ հանուն ազգային շահերի համաձայնագրի հասնելու համար… Բայց այս կառավարությունը Brexit-ի ժամկետը չի երկարաձգի»,- հայտարարել է Ջոնսոնը՝ երեքշաբթի հերթական պարտությունը կրելով խորհրդարանական գործընկերներից: Վարչապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը ստացել էր 293 խորհրդարանականի աջակցությունը, մինչդեռ ընդունվելու համար անհրաժեշտ էր 434 ձայն:
Այս պահին Brexit-ի շուրջ իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաեւ կտրականապես դեմ է տրամադրված առանց համաձայնագրի Brexit-ին: Եվրամիությունը հրաժարվում է վերականգնել բանակցությունները եւ վերանայել համաձայնագիրը: Վարչապետը պնդում է, որ Բրիտանիան ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի: Ջոնսոնը 2 անգամ ներկայացրել է արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկ, եւ խորհրդարանը երկու անգամ էլ այն մերժել է:
Այսօրվա քվեարկությունը նշանավորում է խորհրդարանի աշխատանքի ավարտը Ջոնսոնի նախաձեռնած ընդմիջումից առաջ: Պատգամավորներն ընդամենը մի քանի օր ունեին, որ փորձեին թույլ չտալ հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալն առանց համաձայնագրի: Արդյունքում պատգամավորները ժամանակը բաշխել են առավելագույնս արդյունավետ. նրանք մի քանի օրում օրինագիծ են անցկացրել, որը վարչապետին պարտավորեցնում է Եվրամիությանը խնդրել Brexit-ի ժամկետի եռամսյա երկարաձգման մասին, եթե հոկտեմբերի 19-ին երկրի դուրս գալու պայմանների մասին նոր համաձայնագիր չլինի:
«Ես Համայնքների պալատին կոչ էի անում վստահել ժողովրդին, բայց ընդդիմությունը նորից կարծում է, թե ամեն բան ավելի լավ գիտի։ Նրանք ցանկանում են, որպեսզի Բրիտանիայի վարչապետը գնա կենսականորեն կարեւոր բանակցությունների՝ դրանցից հեռանալու իշխանություն չունենալով։ Նրանք նորից ցանկանում են երկարացնել Brexit-ը՝ ուշադրություն չդարձնելով նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին, եւ Բրյուսելին շաբաթը լրացուցիչ 250 միլիոն ֆունտ սթերլինգ տալ՝ առանց որեւէ իմաստի»,- ասել է Ջոնսոնը՝ մեկնաբանելով գործընկերների որոշումը։
Ջոնսոնը, սակայն, պնդում է, որ երկարացման մասին չի խնդրելու։ Թե ինչպես է պատրաստվում շրջանցել օրենքը՝ առայժմ պարզ չէ։
Ժամը 00.55-ին խորհրդարանի նախագահ Ջոն Բերքոուն հայտարարեց, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցվում է մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Գիշերվա ժամը 1-ին նիստերի դահլիճ եկան Լորդերի պալատի անդամները պրոռոգացիայի (խորհրդարանական նստաշրջանի դադարեցման) պաշտոնական արարողակարգի համար։