Կալիֆոռնիայի դատարանն արգելք է մտցրել ապաստան տրամադրելու մասին Թրամփի նոր հրամանագրի վրա
Կալիֆոռնիայի նահանգի դաշնային դատավորը վերականգնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտներին ապաստան տրամադրելու մասին վերջին հրամանագիրն ուժի մեջ մտցնելու համազգային արգելքը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մինչ այդ Սան Ֆրանցիսկոյի դատավորն արդեն համազգային արգելք էր մտցրել այդ հրամանագրի հանդեպ, բայց ԱՄՆ իններորդ օկրուգային վերաքննիչ դատարանը սահմանափակել էր այն սահմանային նահանգներով։
Ինչպես երեւում է փաստաթղթերից, դատարանը «հավանություն է տվել դատական արգելքի համազգային մասշտաբի վերականգնման մասին միջնորդությանը»։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հրամանագիր էր տվել, որի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր էին մերժել միգրանտներին ապաստան տրամադրել Մեքսիկայի հետ երկրի հարավային սահմանում, որոնք մինչ այդ հատել էին մեկ այլ պետության սահմանը, ասվում է Փաստաթղթերի դաշնային ռեեստրի կայքում հրապարակված փաստաթղթում։
Արդարադատության նախարարության գնահատականով՝ 2018-ին իմիգրացիոն դատարանները ստացել են ավելի քան 162 հազար դիմում ապաստան տրամադրելու մասին։ Ավելի քան 99 հազարը գնահատվել է որպես հիմնավորված։ Այս թիվն արդեն 175 տոկոսով ավելին է 2017-ի համեմատ։ 2019-ին սպասվում է հայտերի էլ ավելի մեծ թիվ. միայն 2019 ֆինանսական տարվա առաջին չորս ամսին ստացվել է ավելի քան 35 հազար «վստահություն ներշնչող» հայտ։ Միեւնույն ժամանակ, 2016-2018 թվականներին ընդունվել են դրական որոշումներ 12 հազար հայտերի վերաբերյալ։ Այժմ դատարաններում է գտնվում մոտ 436 հազար գործ։
Բացի այդ, իշխանությունները նշում են այն միտման մասին, որի էությունն այն է, որ սահմանն սկսել են ավելի հաճախ հատել ոչ թե միայնակ, այլ ամբողջական ընտանիքներով, ինչպես նաեւ գալիս են երեխաներ՝ առանց նրանց ուղեկցող մեծահասակների։ Նրանց կեսից ավելին ԱՄՆ-ին հարավից սահմանակից Մեքսիկայից չէ, այլ այսպես կոչված Հյուսիսային եռանկյունու երկրներից՝ Գվատեմալա, Սալվադոր եւ Հոնդուրաս։ Ընտանիքներին եւ առանց ծնողների եկած երեխաներին ավելի դժվար է վտարել, ասված է հրամանագրում։
Հունիսի կեսին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ դադարեցնում է օգնությունը Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին այդ երկրներից անլեգալ միգրանտների շարունակվող հոսքի պատճառով։ Մինչ այդ ԱՄՆ-ը ե Մեքսիկան համաձայնագիր էին կնքել անլեգալ միգրանտի դեմ սահմանն ամրացնելու վերաբերյալ։ Մեխիկոն պարտավորվել էր սահման ուղարկել ազգային գվարդիայի 6 հազար զինվոր։ Թրամփը սպառնում էր առեւտրային տուրքերով՝ ընդհուպ մինչեւ 25 տոկոս, եթե Մեխիկոն սահմանին միջոցներ չձեռնարկի։
Մեքսիկայի գործողությունների պլանը ենթադրում է Կենտրոնական Ամերիկայից Մեքսիկայի տարածք միգրանտների գրանցում եւ օգնություն՝ Սալվադորի, Գվատեմալայի եւ Հոնդուրասի կառավարությունների հետ համակարգված ձեւով։ Միեւնույն ժամանակ, այն միգրանտները, որոնք չեն ցանկանա գրանցվել Մեքսիկայում, ստիպված կլինեն վերադառնալ իրենց հայրենիք։