ԱՄՆ հատուկ ծառայությունները Թրամփի պատճառով Ռուսաստանից դուրս են բերել լրտեսին․ CNN
2017թ․ ԱՄՆ հետախուզությունը գաղտնի գործողության արդյունքում Ռուսաստանից հանել է տեղեկատվության իր ամենաբարձրաստիճան աղբյուրներից մեկին, որը աշխատում էր «ռուսական կառավարությունում», հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով Թրամփի վարչակազմի անանուն աղբյուրին։
Լրտեսին Ռուսաստանից դուրս բերելը որոշվել է այն բանից հետո, երբ վտանգ է առաջացել, որ Թրամփը կամ նրա վարչակազմը կարող են «նպաստել նրա բացահայտմանը»՝ հետախուզական տվյալների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։ Որոշումն ընդունվել է 2017թ․ մայիսի 10-ին Օվալաձեւ կաբինետում Թրամփի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու դեսպան Սերգեյ Կիսլյակի հանդիպումից հետո։ The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրին, ավելի վաղ գրել էր, թե այդ հանդիպմանը ԱՄՆ նախագահը ռուս պաշտոնյաների հետ կիսվել է «Իսլամական պետության» գործունեության մասին գաղտնի տեղեկատվությամբ։
Մայք Պոմպեոն, որը այն ժամանակ ղեկավարում էր ԿՀՎ-ը, Սպիտակ տան այլ պաշտոնյաների ասել է, թե գաղտի աղբյուրի մասին արդեն շատ բան է հայտնի, նշում է CNN-ը։ Դա հանգեցրել է լրտեսի հեռացմանը, որը կատարվում է այն դեպքերում, երբ գաղտնի աղբյուրն անմիջական վտանգի մեջ է գտնվում։ Բացի այդ, վտանգ էր սպառնում յուրաքանչյուրին, ում կարող էին կասկածել օտարերկրյա իշխանությունները։
Պոմպեոյի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը հայտարարել է, թե «CNN-ի ռեպորտաժները ոչ միայն ճիշտ չեն, այլեւ կարող են սպառնալիքի տակ դնել մարդկանց կյանքը»։