«Թալիբանն» սպառնում է ԱՄՆ-ին «կորուստներով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ չեղարկել խաղաղ բանակցությունները, սպառնում է Վաշինգտոնին ավելի մեծ կորուստներով, տեղեկացրել է «Թալիբան» շարժումը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել ռազմական ճնշումը գրոհայինների վրա՝ համաձայնագրից անսպասելի հրաժարման ֆոնին, որը կարող էր վերջ դնել գրեթե 20-ամյա պատերազմին Աֆղանստանում, տեղեկացնում է Reuters-ը։
Իսլամիստական խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ, երբ Թրամփը հանկարծ չեղարկել է կիրակի Քեմփ Դեւիդում՝ Մերիլենդի նահանգում ԱՄՆ նախագահի նստավայրում նախատեսված գաղտնի բանակցությունները թալիբների առաջնորդների հետ։ Թրամփը չեղյալ է հայտարարել բանակցություններն այն բանից հետո, երբ թալիբները ստանձնել են Քաբուլում անցած շաբաթվա հարձակումների պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել են ամերիկացի մեկ զինվոր եւ էլի 11 մարդ։
«Թալիբանի» մամուլի քարտուղար Զաբիբուլա Մուջահեդը քննադատել է Թրամփին երկխոսությունը դադարեցնելու համար եւ ասել, որ այս ամբողջ ժամանակ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանին։ «Դա կհանգեցնի էլ ավելի մեծ կորուստների ԱՄՆ-ի համար,- ասել է Մուջահեդը։- Նրա հեղինակությունը կխափանվի, նրա թշնամական դիրքորոշումը հայտնի կդառնա ողջ աշխարհին, կավելանան մարդկային զոհերն ու նյութական կորուստները»։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ խաղաղ բանակցությունները Աֆղանստանում դադարեցվել են, եւ Վաշինգտոնը չի կրճատի ռազմական աջակցությունն աֆղանական զորքերին, մինչեւ որ համոզվի, որ թալիբները կարող են կատարել իրենց պարտավորությունները։
Թրամփը ցանկանում է ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից դեռ իր ընտրարշավի ժամանակվանից, եւ ԱՄՆ դիվանագետները մի քանի ամիս բանակցություններ են վարել թալիբների ներկայացուցիչների հետ դուրսբերման ծրագրի մասին՝ անվտանգության երաշխիքների դիմաց։