Բրյուսելը հավատարիմ է մնում ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կատարմանը
Եվրամիությունն արդեն Թուրքիային տրամադրել է 5,6 մլրդ եվրո համաձայնեցված 6 մլրդ եվրոյից՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«5,6 մլրդ 6-ից արդեն հատկացվել է Թուրքիային։ Մնացածը կտրամադրվի շուտով»,- ասաց նա։ ԵՀ ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է, որ Բրյուսելը հավատարիմ է մնում ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կատարմանը, որը ձեռք է բերվել 2016 թվականի մարտի գագաթաժողովում։ «Մենք հավատարիմ ենք համաձայնագրի կատարմանը եւ սպասում ենք նույնը մեր թուրք գործընկերներից»,- նշել է նա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է բացել դռները դեպի Եվրոպա փախստականների համար, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արեւմուտքից։
2016 թվականի մարտի 16-17-ին ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում Բրյուսելը եւ Անկարան ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է միգրացիոն հոսքի կրճատման միջոցներ։ ԵՄ-ը այն ժամանակ պարտավորվել էր Թուրքիային հատկացնել 6 մլրդ եվրո, մտցնել անվիզա ռեժիմ այդ երկրի հետ, ինչպես նաեւ բանակցություններն առաջ մղել միությանն Անկարայի անդամակցության վերաբերյալ։ Դրա փոխարեն բոլոր անլեգալ միգրանտները, որոնք հունական կղզիներում են հայտնվել թուրքական տարածքից, կարտաքսվեն Թուրքիա։ Իսկ ԵՄ-ը պետք է ուղղակի հենց Թուրքիայի տարածքից ընդունի թուրքական միգրացիոն ծառայության կողմից ստուգված փախստականներին, որոնք լեգալ կարգավիճակ են ստացել եւ ունեն համապատասխան փաստաթղթեր։
Սակայն այդ ժամանակվանից Բրյուսելը խոստացածից ոչինչ չի կատարել, բացի դրամական միջոցների աստիճանական հատկացումից, ինչի առնչությամբ Անկարան մշտապես սպառնում է դադարեցնել համաձայնագրի գործողությունը։