Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը
Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:
Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` նշելով, որ Հայաստանի պատմության թանգարանը մեր երկրի ու ժողովրդի անցյալի կարեւորագույն փաստերն ու իրադարձությունները ներկայացնող նշանակալի կառույցներից է:
«Հայ ժողովուրդն իր գոյության ամբողջ ընթացքում ստեղծել է համաշխարհային մշակութային գանձարանում ուրույն տեղ ունեցող հոգեւոր եւ նյութական մշակույթի անհաշիվ հուշարձաններ, որոնք հայերի՝ հնագույն քաղաքակրթության կրողներից մեկը լինելու վառ ապացույցն են: Մեր պատմության թանգարանում այսօր պահպանվող եւ շարունակաբար համալրվող ավելի քան 400.000 միավոր ունեցող ազգային հավաքածուն կազմված է նաեւ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, վավերագրական նյութերից, որոնք արտացոլում են Հայաստանի մշակույթի եւ պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչեւ մեր օրերը»,- նշված էր նախարարի ողջույնի խոսքում։
Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա են գտնվել ՌԴ Պետական Էրմիտաժի, Ֆրանսիայի Լուվրի, ԱՄՆ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Ֆրանսիայի Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայաստանյան եւ օտարերկրյա պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ եւ արվեստաբաններ:
Նիստի ընթացքում թանգարանի հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցած հյուրերին եւ թանգարանի վաստակաշատ աշխատակիցներին հանձնվել են Հայաստանի պատմության թանգարանի հոբելյանական հուշամեդալներ, ստորագրվել է համագործակցության պայմանագիր` Հայաստանի պատմության եւ Ֆրանսիայի Դրենթսի թանգարանների միջեւ:
Թանգարանի 100-ամյա հոբելյանը տեսաուղերձով շնորհավորել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին: Ողջույնի խոսք են ասել նաեւ Լուվրի թանգարանի բյուզանդական եւ քրիստոնեական արվեստի գործերի բաժնի տնօրեն Յանիկ Դյուրանը, Առլի անտիկ արվեստի թանգարանի պատվավոր տնօրեն Կլոդ Սանտեզը, իտալացի ուրարտագետ Միրյո Սալվինին, Ռուսաստանի պատմության պետական թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Անդրեյ Յանովսկին, արտերկրից ժամանած այլ հյուրեր:
Գիտաժողովի նիստը վարել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: