Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների այս փուլն էլ պատվով հաղթահարեցինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը։
«Որակական, կազմակերպչական, ինչու չէ՝ գաղափարական առումով, շարունակեցինք հիմք դրված բարի ավանդույթը՝ ընտրությունից ընտրություն բարելավելու գործընթացի կազմակերպումն ու անցկացումը:
Կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակից դիտորդական առաքելության ներկայացուցիչների եւ լրատվամիջոների արձագանքը եւս այս տրամաբանության մեջ էր:
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը, համայնքներում հանդուրժողականության եւ հարգանքի մթնոլորտի ապահովումը: Այս առումով հաղթել ենք բոլորս:
Շնորհավորում եմ համայնքի ղեկավարների եւ ավագանու ծառայության համար պայքարի դուրս եկած բոլոր թեկնածուներին՝ արժանապատիվ պայքար մղելու, ազնվության եւ արդարության սկզբունքով շարժվելու, Արցախի պատիվը բարձր պահելու համար:
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին՝ ակնկալելով, որ առաջիկա տարիներին, մեր քաղաքացիների համար առավել շոշափելի կլինի իրենց իսկ ընտրության արդյունքը»,–նշել է նա: