Հրապարակվել է կառավարությունում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննարկման տեսագրությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկման տեսագրությունը:
Տեսագրությունը հրապարակվել է ՀՀ կառավարության «Յութուբ»-ի պաշտոնական էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այդ քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:
Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր:
Հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք տեսնում են կարծիքների որոշակի հակադրություն «Էլարդ» եւ «Լիդիան» ընկերությունների միջեւ: «Էլարդի» հետ կոնֆերանսի ժամանակ արձանագրվեց, որ պարտավորությունների կատռարման հիմնական պատասխանատուն, այնուամենայնիվ, «Լիդիանն է» եւ կառավարությունն ինքը պետք է գնահատի, թե ինչպես է վերաբերվում այդ պատասխանատվությանը»,-ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ կառավարությունն ունի լծակներ հսկելու «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների կատարումը: