Պատրաստ ենք մինչև վերջ կանգնել մեր ընտանիքներով ու երեխաներով. Ջերմուկցիները՝ Վարչապետի այսօրվա՝ Ամուլսարի հետ կապված հայտարարության մասին
«Այսօր երեկոյան ջերմուկի բնակիչներով ժողով կանենք, որից հետո հայտարարությամբ հանդես կգանք և կարտահայտենք համայնքի բնակչության դիրքորոշումը կապված վարչապետի այսօրվա հայտարարության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ եթե խախտումներ հայտնաբերվեն, ցանկացած պահի հանքը կարող է փակվել, Բունիաթյանը պատասխանեց. «Մենք մանրամասների մեջ չենք մտնում, թե ով ինչ է խոստանում: Մենք Ամուլսարի հանքարդյունաբերույթյան էջը փակել ենք ավելի քան մեկ տարի առաջ եւ չեմ կարծում, որ կգա մի օր, որ այդ էջը կհամաձայնենք բացել: Ես վստահ եմ, որ Ջերմուկ համայնքի բնակիչների դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, բայց չեմ ուզում բոլորի անունից՝ խոսել: Դրա համար այսօր կլինի ժողովը: Քանի որ Ամուլսարում պայքարը եղել է ինքնաբուխ եւ որոշումները կայացրել են բնակիչները, կլինի ժողով, ու մենք լիազորված կլինենք հանդես բալ բնակիչների անունից»:
Ինչ վերաբերում է իր գրառմանը, որ կառավարությունն ունի երկու տարբերակ, որից մեկը ոստիկանական ուժերով հանք տարող ճանապարհները բացելն է, Բունիթայանն ասաց. «Տարբեր խոսակցություններ կան, որ կարող է ոստիկանական ուժերով բացեն ճանապարհը, որին ես անձամբ չեն հավատում: Բայց քանի որ կան խոսակցություններ, պետք է նաեւ դա հաշվի առնենք: Մենք պատրաստ ենք մեր երեխաներով, կանանցով, ծնողներով կանգնելու եւ կոչ ենք անելու ողջ հայությանը միանալ մեզ, որ խաղաղ ակցիաներով կասեցնենք այդ աղետաբեր ծրագիրը»:
Ավելի ուշ Շիրակ Բուիաթյանը հայտարարել է, որ Ջերմուկ քաղաքի բնակիչների հանդիպումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 9-ին ժամը 20։30 Ջերմուկ առողջարանային քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում: