ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել «Թալիբանի» վրա. Պոմպեո
Միացյալ Նահանգները կշարունակեն ճնշում գործադրել «Թալիբանի» վրա, որպեսզի նրանք կատարեն խաղաղ բանակցությունների ժամանակ ստանձնած պարտավորությունները, եւ միեւնույն ժամանակ չեն կրճատի աֆղանական զորքերի ռազմական աջակցությունը, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Եթե թալիբները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները մի քանի շաբաթ շարունակ, ապա նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում նվազեցնել ճնշումը, մենք չենք պատրաստվում կրճատել աֆղանական անվտանգության ուժերի աջակցությունը»,-ասել է Պոմպեոն CNN-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ թալիբները «չափն անցել են»՝ պայթեցնելով իրենց ավտոմեքենան Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան հարեւանությամբ դիվանագիտական շրջանում, որի հետեւանքով զոհվել է ամերիկացի զինվոր եւ եւս 11 մարդ: Այնուհետեւ Թրամփը չեղարկել է թալիների առաջնորդների հետ Քեմփ-Դեւիդում կայանալիք բանակցությունները:
Պոմպեոյի խոսքով՝ թալիբները պետք է փոխեն իրենց վարքագիծը: Նա չի պարզաբանել՝ կվերսկսվեն արդյոք խաղաղ բանակցությունները, թե ոչ:
Նա նշել է, որ Թրամփը չի որոշել՝ դուրս կբերի արդյոք նա ամերիիկյան զորքերին Աֆղանստանից, սակայն նախազգուշացրել է թալիբներին ռազմական ճնշումները վերսկսելու մասին, եթե նրանք շարունակեն հարձակումները: «Ես հուսով եմ, որ դա այն դեպքն է, երբ թալիբները կփոխեն իրենց վարքն ու կհամաձայնվեն մեզ հետ: Ի վերջո, որոշումը կընդունվի բանակցությունների միջոցով»,-ասել է Պոմպեոն: