«Դու պիտի ճախրես, մեր Շառլ» երգերը՝ Արա Գևորգյանի բարեգործական համերգում (Տեսանյութ)
Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տաղանդավոր կոմպոզիտոր, երաժիշտ և երգահան Արա Գևորգյանի համերգը։ Այն բարեգործական էր և կրում էր «Դու պիտի ճախրես» խորագիրը։ Համերգից ստացված հասույթը փոխանցվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյնաի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Ժպիտների քաղաք» (City of smile) հիմնադրամին, որպեսզի ուղղվի քաղցկեղով հիվանդ երեխանրի բուժմանը։ Համերգին ներկա էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ որպես համերգի աջակից, աշխարհահռչակ Շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հեռավոր Ավստրալիայից ժամանած գործարար Ռիտա Լեփեճյանը, որը ևս աջակցել էր համերգին և այլք։
Վարչապետի տիկինը, սակայն, ներկա չէր՝ նա երեկ այդ ժամին մասնակցում էր գործարարներ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին։
Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի՝ արդեն հայտնի ու նաև նոր ստեղծագործություններ, որոնք ասես յուրահատուկ էքսկուրս լինեն մեր հնամենի քաղաքներով ու պատմության քառուղիներով՝ Բագարանից մինչև Կարս, Արմավիր ու Երևան, Ավայարից՝ Մուսա Լեռ ու Արցախ։ Արա Գևորգյանի հետ բեմում էր Հայաստանի ագզային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղղեկավարությամբ։ Կատարումները իրենց պարով գեղեցկացնում էին «Միլեն» շոու բալետի և այլ պարային խմբերի պատանիները։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Արա Գևորգյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված երգը, որը կոմպոզիտորը գրել է Ազնավուրի մահվանից հետոԼ Այն կոչվում է «Մեր Շառլ»։ Երգը կատարեց տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Արա Գևորգյանն ասաց, որ այս երգը նա գրել է՝ որպես շնորհակալություն մեծ հայորդուն, այն արդեն հասցրել է թարգմանվել ֆրանսերեն ու անգլերեն, և արդեն կատարում են օտարազգի երգիչներ։ Քանի որ դահլիճում ներկա էր մեծ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Արա Գևորգյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նրան հոր համար։
Համերգի ամենահուզիչ հատվածը թերևս համերգի խորագիրը կրող «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր։ Այն երգի, պարի ու բեմադրության յուրահատուկ կոմպոզիցիա էր, որում հանդես եկան բալետի մի զույգ, երգչուհի Հասմիկ Հարությունյանը՝ փոքրիկ հրեշտակների հետ, և, բնականաբար, Արա Գևորգյանը՝ ֆիլհարմոնիկ նվագախմբով։ Երգի ողջ ընթացքում էկրանններին երևում էին քաղցկեղով հիվանդ երեխաների կադրեր, որոնք առավել հուզիչ դարձրին կատարումը։
Աղբյուրը՝ Hraparak.am