Մակրոնը ևս ներողություն է խնդրել Ֆրանսիա - Ալբանիա ֆուտբոլային խաղի ժամանակ ֆրանսիացի կազմակերպիչների թույլ տված զավեշտալի վրիպակների պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայից՝ 2020-ի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի խաղից առաջ օրհներգի հետ կապված սխալի համար, հայտնում է RMC-ն:
Stade de France մարզադաշտում Ալբանիայի օրհներգի փոխարեն հնչել է Անդորրայինը: Ֆուտբոլիստները հրաժարվել են սկսել հանդիպումը, քանի դեռ չի հնչել իրենց երկրի օրհներգը: Խաղի մեկնարկը հետաձգվել է յոթ րոպեով: Արդյունքում Ալբանիայի հիմնը գտել են և միացրել մարզադաշտում:
Բայց հետո ևս մեկ անթույլատրելի վրիպում է գրանցվել: Stade de France-ի մեկնաբանը ներողություն է խնդրել «հայ երկրպագուներից» և կոչ է արել «հարգել Հայաստանի հիմնը»: Բայց ավելի ուշ հասկացել է, որ երկրորդ սխալն է թույլ տվել, որից հետո արդեն ճիշտ նշել է Ալբանիան:
«Նախագահ Մակրոնը ներողություն է խնդել օրհներգի հետ կապված Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սկանդալային անփութության համար: Դա անվանելով անընդունելի սխալ և գնահատելով մեր խաղացողների արձագանքը, նա խնդրել է, որ ես հրապարակեմ նրա ներողությունը»,- գրել է Ռաման թվիթերում:
Ֆրանսիայի և Ալբանիայի ազգային հավաքականների հանդիպումն ավարտվել է 4 : 1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ զավեշտալի դեպք Ֆրանսիա - Ալբանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ. Հաղորդավարը տեխնիկական սխալի համար ներողություն է խնդրել հայ երկրպագուներից :