Չի բացառվում, որ Վլ. Պուտինը որոշել է հոկտեմբերի 1-ին Երևան չայցելել. Համենայն դեպս, ռուսական կողմը պաշտոնապես չի ծանուցել, որ Պուտինը հոկտեմբերի 1-ին ժամանելու է Երևան
ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին: «2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Այդկերպ, պարզաբանել է նա, Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում:
Իհարկե, կանխատեսելի էր, որ Մոսկվայում վաղ թե ուշ նման որոշում է կայացվելու․ ի վերջո՝ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվել էին Հարությունյանին արտահանձնել Հայաստանին՝ պատճառաբանելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է։ Իհարկե, Հարությունյանի հետախուզումը ՌԴ տարածքում մի օր չեղարկվելու էր, սակայն պատահական չէ, որ դա տեղի է ունենում հենց հիմա ու այդ լուրը հրապարակայանցվում է։
Ըստ տարածված կարծիքների, Պուտինի ռեժմի հակառակորդ Շիշկինին ապաստան տալով, Փաշինյանը «հակադարձեց» Մոսկվային ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ և ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հարցում նրա ցուցաբերած քաղաքականության համար։ Նույն տրամաբանությամբ կարող ենք պնդել, որ սա Հարությունյանի հետախուզււմը չեղարկելով էլ Մոսկվան պատասխանեց Փաշինյանին։
Սակայն այս բացատրությունը խիստ պարզունակ է թվում։
Ի վերջո՝ այս պարագայում խոսքը Մարտի 1–ի գործով անցնող կարևոր մեղադրյալի մասին է ու այս հարցում Մոսկվայի ուղերձը շատ ավելի բազմաշերտ է՝ հատկապես, որ ինֆորմացիոն այսօրվա արտահոսքին նախորդել է ՍԴ հայտնի որոշումը, իսկ մի քանի օր անց սկսվելու է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը։ Կարելի է եզրակացնել, որ Մոսկվան մեծացնում է ճնշումը Երևանի վրա՝ հենց Մարտի 1–ի գործի շուրջ առկա զարգացումներով պայմանավորված։
Ընդ որում՝ հետաքրքիր է հասկանալ, թե ինչո՞ւ է Մոսկվան այսքան շահագրգիռ Մարտի 1-ի հարցում։ Արդյո՞ք սա հետևանք է նրան, որ Վլադիմիր Պուտինը աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, այլ խոսքով՝ խնդիրը Հայաստանի երկրոդ նախագահի անձն է, որին ու Ռուսաստանի այսօրվա ղեկավարին կարող են կապել բազմաթիվ թելեր, այդ թվում՝ ընդհանուր հանցագործություններ, թե՞ Մոսկվան շահագրգռություն ունի հենց Մարտի 1–ի հարցում, ինչը խոսում է այդ հանցագործության ռուսական հետագծի մասին։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, մյուս կողմից՝ վերջերս հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործում հայտնվել են փաստաթղթեր, որոնք առնվազն վկայում են, որ ոռւսական կողմն որոշոկի մասնակցություն է ունեցել ժողողովրդական հուզումների ճնշման գործում։
Իհարկե, շատ հնարավոր է, որ Մոսկվան ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ է հասունացնում այլ պատճառներով։ Օրինակ՝ չի բացառվում, որ Վլադիմիր Պուտինը որոշել է հոկտեմբերի 1-ին Երևան չայցելել կամ հետաձգել ԵՏՄ գագաթաժողովի անցկացումը ու այդ նպատակով, այսպես ասած, ինֆորմացիոն առիթներ է ստեղծում։ Համենայն դեպս, դեռ ռուսական կողմը պաշտոնապես չի ծանուցել, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին ժամանելու է Երևան։
Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am