Թուրքիան խնդրել է ԱՄՆ-ին` չեղարկել առևտրային արգելապատնեշը
Թուրքիան խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել առեւտրային արգելապատնեշը երկու երկրների միջեւ երկկողմանի առեւտրի ծավալների կտրուկ աճին ուղղված բանակցությունների ժամանակ, ասել է Թուրքիայի առեւտրի նախարարը:
Reuters-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնն ու Անկարան հավակնոտ նպատակ են սահմանել՝ չորս անգամ մեծացնել առեւտրի ծավալները տարեկան մինչեւ 100 մլրդ դոլարի չափով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հեռանկարին Թուրքիայի կողմից վերջերս ռուսական Ս-400 համակարգերը ձեռքբերելու առնչությամբ:
Առեւտրի նախարար Ռուխսար Փեքանի խոսքով՝ նա հայտնել է ԱՄՆ-ի նախարար Ուիլբուր Ռոսին որոշակի արգելքները հեռացնելու հստակ ակնկալիքի մասին եւ ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականության մասին, որը խոչընդոտում է երկկողմանի առեւտրի հեռանկարներին:
Մայիսին Սպիտակ տունը հայտարարել էր, որ դադարեցնում է Թուրքիայի հետ արտոնյալ առեւտրային համաձայնագրի գործողությունը՝ նշելով, որ Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակը նշանակում է, որ այն այլեւս իրավունք չունի աջակցություն ստանալ:
Թուրքիան կարող է նաեւ բախվել ՆԱՏՕ-ում իր դաշնակցի սահմանած պատժամիջոցների հետ հուլիսին Ս-400-ի մատակարարման կապակցությամբ:
Փեքանն ասել է, որ նա քննարկել է Թուրքիայի արտահանման ծավալների մեծացումը քաղաքացիական ավիացիայի, մեքենաշինության, ոսկերչության, կահույքագործության, տեքստիլի եւ հագուստի արտադրության ոլորտներում:
ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ Ռոսն ու փեքանը համաձայնության են եկել, որ մինչեւ 10 մլրդ դոլարի չափով առեւտրի ծավալն ավելացնելու համար անհրաժեշտ կլինի երկու կողմերի լարված աշխատանքը: Միացյալ Նահանգները հայտարարել են, որ 2017 թվականին Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 24 մլրդ դոլար: