Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվել է Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկումը
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 6-ից 7-ը Ռումինիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում ներկա է գտնվել Հայկական արվեստի փառատոնի 9-րդ թողարկմանը: Փառատոնը կազմակերպվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ` Գեորգենի Հայ կաթոլիկ միության և թեմի, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Հարգիտայի նահանգային խորհրդի ջանքերով:
Փառատոնի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, մասնավորապես, նշել է. «Կարևորելով տարածաշրջանի հայկական համայնքների ցանկությունը վերգտնել իրենց հայկակական արմատները` վերահաստատում եմ դեսպանության պատրաստակամությունն աջակցելու պատմական Հայրենիքի հետ կրթական և մշակութային կապեր հաստատելու գործին»:
Բարձր գնահատելով այն աջակցությունը, որ համայնքները վայելում են տեղական և նահանգային իշխանությունների կողմից` դեսպանը հույս է հայտնել, որ Հարգիտա նահանգի պատվիրակության ծրագրվող այցը Հայաստան նոր էջ կբացի այդ հարաբերություններում:
Հայկական արվեստի փառատոնի շրջանակներում բացվել է Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:
Միջոցառման ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ:
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ ցուցաբերած աջակցության և Paul Kerestes-ին (Jecinci) նկարի գունավորման համար: