Մանարյանական «Անհաղթ աքլորը» նշում է հոբելյանական 40–ամյակը (Տեսանյութ)
Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան է։ Այս տարի լրացավ նաեւ վարպետի՝ Երվանդ Մանարյանի 95–ամյակը, նա բեմականացման անգերազանցելի վարպետ է այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին վարպետի ընկերներն ու թոռը։
Նրանց խոսքով՝ «Անհաղթ աքլոր»–ի շնորհիվ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնը ճանաչվեց աշխարհի լավագույն տիկնիկային թատրոններից մեկը։ Մանարյանական «Անհաղթ աքլորը» նոր արտահայտչամիջոց եւ նոր խոսք բերեց համաշխարհային տիկնիկային արվեստի ոլորտում։
Վարպետի եւ նրա ստեղծագործության կրկնակի հոբելյանի կապակցությամբ Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար «Փոփոխությունների թատրոնը» եւ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնը սեպտեմբերի 7–ից հոկտեմբերի 1–ը Տիկնիկային Թատրոնի ճեմասրահում կազմակերպել են Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ասպարեզում ունեցած բազմամյա գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրություն։
«Ցուցադրությունն իր բնույթով իսկապես բացառիկ է, քանի որ ցուցադրված են լուսանկարներ, որոնք նախկինում չեն ցուցադրվել։ Բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներից ընտրել ենք լավագույնները։ Ոչ միայն պապիկի անձնական արխիվից վերցված լուսանկարներ են այլ նաեւ Տիկնիկային թատրոնի արխիվից եւ փորձել ենք հնարավորինս բազմակողմանի ներկայացնել «Անհախղթ աքլոր»–ի ճանապարհը։ Այստեղ կարող ենք տեսնել լուսանկարներ, թե բեմադրական պրոցեսից, թե շրջագայություններից»,– ասաց Մանարյանի թոռը՝ Հայկ Սեկոյանը։