Զվարճալի դեպք. Բրիտանուհին խորամանկորեն ստիպել է զուգընկերոջն ամուսնանալ իր հետ՝ նրան իբր «ընկերների հարսանիքին» հրավիրելով (Տեսանյութ և լուսանկարներ)
Բրիտանական Բարհոյդ քաղաքի բնակչուհի Ալիշա Փիլավան խորամանկ ծրագիր էր կազմել, որպեսզի իր 40-ամյա զուգընկերոջը՝ Փոլ Շափրոնին ստիպեր ամուսնանալ իր հետ։ Ամուսնացած զույգ Քևինի և Հայդիի հետ համաձայնության գալով՝ նա գաղտնի կազմակերպել է հարսանիքը, իսկ հետո Փոլին հայտնել է, որ իրենց ընկերները ցանկանում են կրկին ամուսնական հավատարմության երդում տալ և որ ինքը հրավիրված է որպես հարսնաքույր։
Բոլորը, բացի Շափրոնից գիտեին հարսնացուի ծրագրի մասին։ Փոլը հասկացավ, որ հենց ինքն է փեսացուն միայն այն ժամանակ, երբ տեսավ Ալիշային հարսի զգեստով։ Նա շատ շփոթվեց, երբ ընկերները սկսեցին շնորհավորել իրեն։
Կինը, որը մեքենաների վերանորոգման երկու արհեստանոց է ղեկավարում, երգեց It Should’ve Been Me («Դա պետք է ես լինեի») երգը, իսկ հետո կատակով իջավ նրա առաջ ծնկների վրա և հարցրեց. «Կամուսնանա՞ս ինձ հետ»։ Ավտոմեխանիկ Փոլը որոշեց խաղալ նրա հոգու հետ և ասաց «ոչ», ձևացնելով, թե ուզում է փախչել, բայց հետո արագ վերադարձավ իր տեղը և համբուրեց հարսնացուին։
Իրականում, հարսնացուի խոսքերով, հարսանիքի նախաձեռնողն ինչ–որ տեղ Փոլն էր։ «Վերջին երկու տարիների ընթացքում նա ինձ օրական 30 անգամ առաջարկություն էր անում։ Ես արդեն երկու անգամ ամուսնացած եղել եմ և չէի ցանկանում կրկին անցնել այդ ամենի միջով»,– պատմել է Փիլավան Wales Online կայքին։ Բայց վերջ ի վերջո աղջիկը մտքափոխ է եղել և որոշել է այս անգամ ինքն առաջարկություն անի իր սիրելիին։