Ամազոնիայի երկրների ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել
Ամազոնիայի երկրների՝ Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի, Բոլիվիայի եւ Սուրինամի ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել, վերջնական փաստաթուղթ, որով որոշվում է ամազոնյան անտառների պաշտպանության գործում տարածաշրջանի պետությունների փոխգործակցության ապագան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լետիցիայի պակտը ենթադրում է Ամազոնիայի երկրների փոխգործակցություն անտառահատումների պատճառների հակազդման գործում, այդ թվում՝ հանածոների ապօրինի արդյունահանում, թմրավաճառք, գյուղատնտեսական հողերի տարածքների անօրինական մեծացում»,- Twitter-ում հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուքեն:
Դուքեի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաեւ գիտական եւ տեխնիկական ոլորտներում համագործակցության, համատեղ գործողությունների համար ինֆորմացիայի փոխանակման շուրջ:
Գագաթնաժողով անցկացնելու համար պատճառ են հանդիսացել այս տարի ամազոնյան անտառներում ուժգին հրդեհները, որոնք տարածքով գրեթե 2 անգամ գերազանցել են 2018թ. հրդեհները: Անտառային հրդեհները շարունակվում են արդեն մոտ մեկ ամիս եւ միջազգային հանրության շրջանում մեծ արձագանք են ստացել:
Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տեղեկությունների համաձայն՝ տարեսկզբից երկրում 83 329 հրդեհի օջախներ են գրանցվել, իսկ հուլիսին Ամազոնիայում այրված անտառների տարածքը կազմել է 18 629 քառ. կմ: Չնայած նրան, որ Ամազոնիայում հրդեհները սովորական երեւույթ են, դրանց զգալի մասը բռնկվել է ֆերմերների պատճառով: