Բրազիլիայի էկոնոմիկայի նախարարը վիրավորել է Մակրոնի տիկնոջը
Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկին Բրիջիթ Մակրոնին, հաղորդում է Sputnik International-ը:
«Նախագահը չի ստել, նա իսկապես սարսափելի արտաքին ունի, դա բացարձակ ճշմարտություն է»,-հայտարարել է նա Ֆորթալեզա քաղաքում տնտեսական համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս:
Ընդ որում՝ նախարարը հավելել է, որ տգեղ կանայք չկան, կան պարզապես անհաջող տեսանկյունից արված լուսանկարներ:
Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար՝ ասելով, որ դա «կատակ» էր: Գեդեսը հավելել է, որ չէր ցանկանում անձնավորել իր խոսքը:
Դա առաջին դեպքը չէ, երբ բրազիլացի քաղաքական գործիչները վիրավորական հայտարարություններ են անում Ֆրանսիայի առաջնորդի տիկնոջ հասցեին: Այսպես, օգոստոսի վերջում Բրազիլիայի նախագահի ֆեյսբուքյան էջի հետեւորդներից մեկը տեղադրել էր նրա պաշտոնական էջում ֆոտոկոլաժ, որում պատկերված էին Բոլսոնարուն իր 37-ամյա տիկին Միշելի հետ եւ Մակրոնն իր 66-ամյա տիկին Բրիջիթի հետ: Լուսանկարին կից գրառման մեջ նշված էր, որ հենց իր կողակցի արտաքինի պատճառով է Ֆրանսիայի նախագահը «հետապնդում» Բոլսոնարուին: Բրազիլիայի առաջնորդն այդ հրապարակման մեկնաբանություններում ծաղր պարունակող կարծիք էր գրել՝ կոչ անելով «չնսեմացնել տղամարդուն»: Այնուհետեւ Մակրոնը հայտարարել էր, որ Բոլսոնարուն պետք է ամաչի իր վարքից, եւ ընդգծել, որ Բրազիլիան արժանի է այնպիսի նախագահ ունենալ, որը «նորմալ վարք կդրսեւորի»: