Թուրք զինվորականները հաջողությամբ փորձարկել են SOM-B2 թևավոր հրթիռը, որը նախատեսված է ամրացված ծածկերի ոչնչացման համար
Թուրք զինվորականները հաջողությամբ փորձարկել են SOM-B2 թևավոր հրթիռը, որը նախատեսված է ամրացված ծածկերի ոչնչացման համար: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ SOM-B2-ը հաջողությամբ խոցել է թիրախը մարտական փորձարկումների ընթացքում: Դեմիրը նշել է, որ թռիչքային եւ մարտական թեստերն ու SOM-B2-ի կատարելագործման աշխատանքներն ավարտվել են:
Հաջող փորձարկման մասին հայտնել է նաեւ Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը: Երկու պաշտոնյաները Twitter-ում հրապարակել են փորձարկման տեսանյութը:
SOM-ը մեծ հեռահարության թուրքական հրթիռային եւ հականավային հրթիռ է, որը մի շարք վերափոխություններ ունի: 2006 թվականից դրա մշակմամբ զբաղվում է TUBITAK-SAGE կոնստրուկտորային բյուրոն: 2012 թվականին հրթիռի առաջին վերափոխությունն արդեն սպառազինություն է ընդունվել: