Ամերիկացի կոնգրեսականը բանաձև է ներկայացրել «Մեծ յոթնյակի» կազմ ՌԴ-ին ներառելու դեմ. «Ամերիկայի ձայն»
Դեմոկրատ կոնգրեսական Ալբիո Սայրեսը բանաձև է ներկայացրել՝ ուղղված «Մեծ յոթնյակի» ապագա գագաթնաժողովների մասնակիցների կազմի մեջ Ռուսաստանին ներառելու դեմ, մինչև նա սկսի «հարգել հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և հետևի ժողովրդավարական հանրության ստանդարտներին», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Բանաձևը պատասխանն է վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած հայտարարություններին այն մասին, որ ինքը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել «Մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովին:
«Եթե նախագահ Թրամփն անտեսում է «Մեծ յոթնյակի» մեջ Ռուսաստանին ընդգրկելու վերաբերյալ միջազգային հանրության հաստատած պայմանները, նա դեմ է գնում ամերիկյան համակարգված օրենսդրությանը և միջազգային հանրության շրջանում առկա կոնսենսուսին,- շեշտել է Սայրեսը: - Նա նաև թուլացնում է բանակցություններ վարելու մեր ունակությունը՝ հերթական անգամ նախագահ Պուտինին ցույց տալով, որ նրա ագրեսիվ գործողությունները չեն ունենա հայտարարված հետևանքները: Ես խորապես համոզված եմ, որ մենք չպետք է թույլ տանք Ռուսաստանին վերադառնալ «Մեծ յոթնյակ», քանի դեռ նա չի դադարեցրել ուկրաինական տարածքի օկուպացիան և չի հետևի ժողովրդավարական հանրությունների ստանդարտներին»:
Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի հարձակումները ամբողջ աշխարհում ժողովրդավարական հանրությունների վրա, պնդում է, որ Ներկայացուցիչների պալատն աջակցում է «Մեծ ութնյակից» Ռուսաստանին հանելուն և «Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներին կոչ է անում դեմ հանդես գալ խմբի կազմ Ռուսաստանի վերադարձին, մինչև այն կկատարի նախկինում առաջադրված պայմանները: