Կոմիտասի 150-ամյակին և ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումը՝ Էստոնիայում
Սեպտեմբերի 5-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) «Արվո Պյարտ» կենտրոնում Էստոնիայի մշակույթի նախարարության, «Արվո Պյարտ» կենտրոնի և Էստոնիայի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր համերգ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 150-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության տոնին:
Միջոցառմանը ներկա էր աշխարհահռչակ էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտը, Տալլինի եպիսպոպոս, Էստոնիայի ավետարանական եկեղեցու առաջնորդ Ուրմաս Վիիլման, Էստոնայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Ռիիգիկոգուի պատգամավորներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիսությանն Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասի անունից ողջույնի խոսք ասաց նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Կադրի Յաուրամը, ով նշեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները մեծ առաջընթաց են ապրել, ինչին նպաստում է նաև ՀՀ դեսպանության ծավալած ակտիվ մշակութային գործունեությունը:
Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջույնի իր խոսքում ներկայացնելով օրվա խորհուրդը և Կոմիտասի կերպարի ու թողած համամարդկային մշակութային ժառանգության կարևորությունը՝ նշեց, որ միջոցառման անցկացումը շատ առումներով եզակի է: Դեսպանն իր խոսքում նշեց, որ Կոմիտասի կերպարն իր մեջ ամփոփում է հայ ազգի հավաքական գիտակցությունը, մեր ձգտումներն ու ցավը՝ հավելելով, որ Կոմիտասը ստեղծագործել է մինչև 1915 թ. ապրիլը, քանզի Հայոց ցեղասպանության օրերին նրա վերապրած սարսափը սպանեց իր մեջ երաժշտին, իսկ կյանքը հայերի պատմական հայրենիքի մեծ մասում կանգ առավ: Տիգրան Մկրտչյանն իր ելույթում շեշտեց, որ չնայած մի ամբողջ ազգ ոչնչացնելու փորձին, հայ ժողովուրդը գոյատևեց և ներկայումս կառուցում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ժամանակակից պետություն՝ վառ պահելով Կոմիտասի և ցեղասպանության զոհերի հիշատակը: Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Էստոնիայի հայ համայնքին և մյուս բոլոր աջակիցներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար: Համերգի ընթացքում «Գրեմմի» մրցանակի արժանացած Էստոնիայի պետական արական երգչախումբը կատարեց Կոմիտասի, Վաչե Շարաֆյանի, Վլադիմիր Հակոպովի և այլոց ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին հաջորդեց ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: