«Հին արհեստների նոր տունը» ծրագիրը՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հին արհեստների նոր տունը» հայկական ավանդական արհեստների ուսուցման և սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը:
Այն բաղկացած է երկու մասից՝ նախատեսված տարիքային երկու խմբերի համար։ Առաջին մասը մեկնարկել է հուլիսի 17-ից և վերաբերում է հայկական ավանդական արհեստների ուսուցմանը: Այն նախատեսված է 18-60 տարիքային խմբի համար, որի ընթացքում ուսուցանվում է բացիկագործություն և ժանեկագործություն: Բացիկագործության դասընթացի ընթացքում մասնակիցները դեկորատիվ թղթի վրա ասեղնագործում են և պատրաստում թեմատիկ բացիկներ: Հայկական ասեղնագործ ժանյակի դասընթացի ընթացքում մասնակիցները հմտանում են նուրբ, գեղեցիկ անձեռոցիկներ և թաշկինակներ պատրաստելու գործում:
Ծրագրի երկրորդ մասը մեկնարկելու է սեպտեմբերի կեսին և նախատեսված է 13-18 տարեկանների համար, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան Աշտարակի պատմամշակութային հուշարձանների պատմությանը, տարածաշրջանի ավանդույթներին, էքսկուրսավարության հմտություններին, կանցկացվեն անգլերենի պարապմունքներ։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, ինչպես նաև թանգարանի հանրահռչակմանն ու աշխույժ կրթական միջավայրի հաստատմանը: