ԱՄՆ-ն զգուշացրել է իրանական նավերին վառելիք վաճառելու դեպքում պատժամիջոցների մասին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է պատժամիջոցների մասին, որոնք կարող են սահմանվել բոլոր անձանց և ընկերությունների դեմ, որոնք կմասնակցեն Վաշինգտոնի կողմից «սև ցուցակ» մտցված իրանական նավերին վառելիքի վաճառքին:
Օգոստոսի 30-ին ֆիննախը պատժամիջոցային ցուցակ էր մտցրել իրանական Adrian Darya լցանավը, որը հայտնվել էր Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ կոնֆլիկտի կիզակետում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Վաշինգտոնը զգուշացրել է, որ այս նավին ցույց տրվող ցանկացած օգնություն կգնահատվի որպես աջակցություն «ահաբեկչական կազմակերպությանը»՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: ԱՄՆ Պետքարտուղարությունից նաեւ հայտարարել են, որ լցանավով Սիրիա նավթ հասցնելու փորձը «աջակցություն է ահաբեկչությանը», ինչով զբաղված է «Բաշար Ասադի ռեժիմը»:
Նավը, որը նախկինում կրում է Grace 1 անունը, հուլիսին ձերբակալվել էր Ջիբրալթարի ափերի մոտ: Բրիտանական իշխանությունները կասկածել էին, որ լցանավը զբաղվում էր իրանական նավթը Սիրիա հասցնելով, ինչը եվրոպական պատժամիջոցային ռեժիմի խախտում էր:
Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) վեբկայքում թարմացված տեղեկություն էր հրապարակվել, որում նշվում էր «պատժամիջոցների սահմանման վտանգի» մասին բոլոր արտասահմանցիների համար, որոնք պատժամիջոցային ցուցակի մեջ ներառված իրանական նավերին վառելիք են մատակարարում: Պատժամիջոցները կարող են առնչվել նաեւ նրանց, որոնք իրականացնում են լիցքավորման ծառայության համար վճարումները:
Adrian Darya լցանավը օգոստոսի կեսին ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ Իրանը Բրիտանիային խոստացել էր, որ նավը բեռը Սիրիա չի տեղափոխի: Այս շաբաթ լցանավի անձնակազմը, որը դեռեւս Միջերկրական ծովում է, ըստ երեւույթին, անջատել է ռադիոտեղորոշման փարոսը, որի շնորհիվ հնարավոր էր հետեւել նավի տեղադրությանը:
Պատժամիջոցները չեն տարածվում Իրան գյուղատնտեսական ապրանքներ, սննդամթերք եւ դեղորայք տեղափոխող իրանական նավերին վառելիք մատակարարողների վրա, բայց միայն այն դեպքում, եթե գործարքին չեն մասնակցում մարդիկ, որոնք Վաշինգտոնի կողմից ավելի վաղ մտցվել էին պատժամիջոցային ցուցակ: