Պատմության մեջ մեծագույն կայսրությունը ստեղծած Բրիտանիան չպետք է դասախոսություններ լսի, թե ինչպես վարի իր գործերը․ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս
Բրիտանիան չպետք է դասախոսություններ լսի այն մասին, թե ինչպես վարի իր գործերը։ Այս մասին Լոնդոն կատարած իր այցի ընթացքում ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ անդրադառնալով ԵՄ-ից երկրի դուրս գալու հետ կապված ճգնաժամի սրմանը, հայտնում է Reuters-ը։
«Իրականությունն այն է, որ պատմության մեջ մեծագույն կայսրությունը ստեղծած մարդիկ, որ ավելի քան մեկ տարի միայնակ դիմակայել են նացիստական սպառնալիքին, մարդիկ, որ ավելի քան որեւէ մեկը իրենց ներդրումն են ունեցել մարդկության առաջընթացի եւ քաղաքակրթության մեջ, կարիք չունեն որեւէ դասախոսության, թե ինչպես իրենց պահեն պատմության այս դժվարին ժամանակահատվածում»,- ասել է Փենսը։
Իր այցի շրջանակներում Փենսը հանդիպել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, ում՝ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից հոկտեմբերի 31-ին դուրս բերելու հաստատակամությունը բախվում է օրենսդիրների եւ հարազատ Պահպանողական կուսակցության դիմադրությանը։
Փենսը Ջոնսոնին շնորհակալություն է հայտնել «շատ լարված ժամանակաշրջանում» ջերմ ընդունելության համար։
Օրենսդիրները մերժել են արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկությունը եւ քայլեր են ձեռնարկել, որպեսզի խանգարեն նրան ԵՄ կազմից Բրիտանիան դուրս բերելու հարցում։
Փենսը ողջույններ է փոխանցել Դոնալդ Թրամփի կողմից՝ ասելով, թե նախագահը խնդրել է իրեն հավաստիացնել Ջոնսոնին, որ «Մացյալ Նահանգները սատարում է Եվրոպական միությունը լքելու Միացյալ Թագավորության որոշումը»։
Փենսի խոսքերով, Թրամփը նաեւ փոխանցել է, որ «ԱՄՆ-ը պատրաստ է, ցանկություն ունի եւ կարող է անհապաղ պայմանավորվել Մեծ Բրիտանիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագրի շուրջ» այն բանից հետո, երբ երկիրը դուրս գա ԵՄ-ից։