Պետք է ելնենք ԵԱՏՄ-ին անդամակցության փաստից, ոչ թե կապենք խնդիրը ռուսերենի կարգավիճակի առկայության հետ. Կոնստանտին Զատուլինը՝ ՀՀ-ում և Ռուսաստանում վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակի մասին
Ռուսաստանում ընդունված որոշումը «այնքան էլ կոկիկ չէր», և արտասահմանյան վարորդական իրավունքներով Ռուսաստանում աշխատելու պայմանը պետք է լիներ ԵԱՏՄ անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով արտասահմանյան վարորդական իրավունքներով ՌԴ տարածքում աշխատելն արգելող օրենքը, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզու է։
Հայաստանը ԵԱՏՄ-ում միակ երկիրն է, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի։
«Մենք բոլորս, ինձ թվում է, պետք է ելնենք ԵԱՏՄ-ին անդամակցության փաստից, և ոչ թե կապենք դա ռուսերենի կարգավիճակի առկայության հետ։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ասել է Զատուլինը։
Պատգամավորը նշել է, որ ինքը չի մասնակցել օրենքի ընդունմանը, իսկ մարդիկ, ովքեր այն ընդունել են, փորձել են բացատրել, թե ինչու պետք է արտոնություններ տրամադրվեն բելոռուս վարորդներին, իսկ հետո, երբ ղրղզ վարորդները ցանկացել են նույնը, սկսել են փնտրել, թե ինչ տարբերակով նրանց ընդառաջ գնան։ Այդ ժամանակ հիշել են Ղրղզստանում ռուսերենի պաշտոնական կարգավիճակի մասին։
Մեկնաբանելով հայկական իշխանությունների որոշումը՝ Զատուլինը նշել է, որ եթե այն «ռեակցիայի» բնույթ է կրում, ապա դա ճիշտ չէ, ավելորդ անգամ խորացնում է իրավիճակը և շահավետ չէ Հայաստանի համար։
Նախօրեին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ հանրապետությունում կարող է արգելվել արտասահմանյան վարորդական իրավունքների օգտագործմամբ բիզնեսի վարումը և տրանսպորտային միջոցներով ծառայությունների մատուցումը։ Նա նշել էր, որ այդ դրույթը չի տարածվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա, եթե «ցուցաբերվի փոխադարձ բարեկամական մոտեցում»։
«Իրականում բեռներ են տեղափոխվում Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան, կամ պետք է նախատեսել վարորդական իրավունքների ստացման որևէ պարզեցված կարգ նրանց համար, ով իրականացնում է այդ փոխադրումները՝ թե՛ ռուս վարորդների, թե՛ հայ վարորդների համար, կամ պետք է, այնուամենայնիվ, չեղարկել այդ պայմանը և անցնել մեկ ուրիշի»,- ասել է Զատուլինը:
Նա հավելել է, որ բոլոր հարցերը բարի կամքի առկայության դեպքում կարելի է քննարկել և ուղղել, և պետք չէ ուռճացնել այդ որոշումների նշանակությունը այս կամ այն կողմից։