ԱՄՆ Պետդեպարտամենտը միլիոնավոր դոլարներ է առաջարկել իրանական լցանավի կապիտանին. Ինչու
ԱՄՆ Պետդեպարտամենտը միլիոնավոր դոլարներ է առաջարկել իրանական լցանավի կապիտանին, որը կալանավորվել էր Ջիբրալթարում մի քանի շաբաթ առաջ, Սիրիա նավթ ուղարկելու կասկածանքով։
ԱՄՆ Իրանի գծով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը փորձել է այդ կերպ համոզել կապիտանին՝ նավն ուղարկել երկրի նավահանգիստ, որտեղ այն կկալանավորվի Վաշինգտոնի անունից, տեղեկացնում է CNBC-ը։
Նավը, որը մինչեւ վերջերս հայտնի էր որպես Grace 1, իսկ այժմ՝ Adrian Darya 1, գտնվել է Իրանի եւ արեւմտյան տերությունների միջեւ դիվանագիտական վեճի կենտրոնում։
Իրանական լցանավի ներկայիս գտնվելու վայրն անհայտ է եւ, համաձայն տեղեկությունների, երեքշաբթի անջատել է իր վերահեռարձակիչը Միջերկրական ծովում, Սիրիայից արեւմուտք։
Այն մասին, որ նավի կապիտանին Պետդեպարտամենտն առաջարկել է կլորիկ գումար, գրել է Financial Times-ը։
«Մենք լայն աշխատանք ենք կատարել նավերի մի քանի կապիտանների, ինչպես նաեւ նավագնացային ընկերությունների հետ՝ նախազգուշացնելով նրանց օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու հետեւանքների մասին»,- AFP գործակալությանն ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Անցած շաբաթ ԱՄՆ-ը սեւ ցուցակ էր մտցրել իրանական լցանավը։ Նավը հուլիսին ժամանակավորապես կալանավորվել էր բրիտանական իշխանությունների կողմից Ջիբրալթարում։ Օգոստոսին նավն ազատ արձակվեց։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձեց արգելել ազատ արձակումն ու նավը ձերբակալելու կարգադրություն արեց։
Ֆինանսների նախարարության հայտարարությունում, որը հրապարակվել է օգոստոսի վերջին, ասվում էր, որ Adrian Darya 1 նավը օգտագործվել է Սիրիա 2,1 մլն բարել իրանական նավթ տեղափոխելու պատճառով։
Financial Times-ը տեղեկացրել է, որ Հուքը էլեկտրոնային նամակ է ուղարկել նավի կապիտանին պատժամիջոցներ մտցնելուց առաջ։ «Ես լավ նորություններ ունեմ»,- գրել է նա՝ ավելացնելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ կլինի առաջարկել մի քանի միլիոն դոլար, որպեսզի նա նավով հեռանա այնտեղ, որտեղ ԱՄՆ-ը կարող է ձերբակալել նավը։ Ինչպես տեղեկացվում է, նավի հնդիկ կապիտան Ախիլեշ Կումարը նամակին չի պատասխանել։
Հղում կատարելով Financial Times հրապարակմանը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ը, անհաջողության մատնվելով ծովահենության մեջ, դիմում է ուղղակի շանտաժի»։ «Շատ նման է հնչում Օվալաձեւ կաբինետի հրավերին, որը ես ստացա մի քանի շաբաթ առաջ։ Այն նմուշային օրինակ է դառնում»,- ավելացրել է Զարիֆը։