Գերմանական ընկերությանը կասկածում են Թուրքիային լրտեսական սոֆթ վաճառելու մեջ
Մյունխենյան FinFisher GmbH ընկերության դեմ քննություն է կատարվում լրտեսական ծրագրային ապահովման չթույլատրված արտահանման փաստով: Այս մասին հայտնում է «Թղթակիցներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը: Նախօրեին այս տեղեկությունը հաստատել էր նաեւ Մյունխենի դատախազությունը՝ ի պատասխան Süddeutsche Zeitung պարբերականի, NDR եւ MDR մեդիաընկերությունների, ինչպես նաեւ Bayerische Rundfunk ռադիոկայանի հարցումներին:
Քննությունը սկսվել է 2018 թվականին լրատվամիջոցների տեղեկությունների հիման վրա, ինչպես նաեւ «Թղթակիներ առանց սահմանների», Netzpolitik.org, «Հանուն ազատության իրավունքի միություն» եւ «Սահմանադրական ու մարդու իրավունքների եվրոպական կոնտրոն» իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունների հիման վրա, փոխանցում է DW-ն:
Նշվում է, որ FinFisher-ը, որը Գերմանիայի լրտեսական սոֆթերի ամենախոշոր արտադրողներից մեկն է, օրենքը շրջանցելով՝ Թուրքիային է վաճառել Finspy ծրագիրը, որն այն օգտագործել է ընդդիմադիրներին եւ լրագրողների լրտեսելու համար: Այս ծրագիրը, մասնավորապես, հասանելիություն է ընձեռում այնպիսի հավելվածներին, ինչպես WhatsApp-ը եւ Skype-ը, ինչպես նաեւ գտնվելու վայրի տվյալներին եւ բարձրախոսին:
«Թղթակիցներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակարեպության սեպտեմբերի 5-ի հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունն արդեն երկար տարիներ անհետաձգելի օգնություն է ցուցաբերում թուրք լրագրողներին, որոնց համար պետության վերահսկողությունն ամենածանր հետեւանքներ ունի:
«Այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունը գերմանական ծրագրային ապահովումն օգտագործել է ընդդիմադիրների եւ լրագրողների դեմ, սկանդալ է»,- հայտարարել է «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության գերմանական մասնաճյուղի ղեկավար Քրիսթիան Միրը: