Թուրքիան պատրաստ է բացել դռները դեպի Եվրոպա փախստականների առջև, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արևմուտքից
Թուրքիան պատրաստ է բացել դռները դեպի Եվրոպա փախստականների առջև, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արևմուտքից։ Այս մասին հինգշաբթի ասել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով A Haber հեռուստաալիքին։
«Կամ դուք կաջակցեք մեզ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցում, կամ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանային անցումները։ Կամ դուք մեզ աջակցություն կցուցաբերեք, կամ ոչ ոք ոչ մի բանի մասին չպետք է ափսոսա։ Մենք կցանկանայինք 1 մլն փախստական տեղավորել անվտանգության գոտում»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նորից հայտարարել է, որ մտադիր է «սկսել անվտանգության գոտու ձեւավորումը Սիրիայում մինչեւ սեպտեմբերի 31-ը։ Օգոստոսի 31-ին Էրդողանը տեղեկացրել էր, որ հանրապետության ԶՈւ-ն կարող է մի քանի շաբաթում ինքնուրույն սկսել անվտանգության գոտու ստեղծման պլանի իրականացումը։
Թուրքիայի եւ ԱՄՆ զինվորականները օգոստոսի 7-ին պայմանավորվել են Սիրիայում ստեղծել համատեղ գործողությունների կենտրոն։ Օգոստոսի 12-ին թուրքական Շանլըուրֆա քաղաքում, Սիրիայի սահմանից 50 կմ հեռավորության վրա, ժամանել է ԱՄՆ զինծառայողների առաջին խումբը, որոնք աշխատելու են այդ կառույցում։ Կենտրոնը կազմակերպվել է երկու երկրների կողմից Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու ստեղծման պլանն իրականացնելու համար, որտեղ Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները, եւ որը կդառնար պաշտպանական գոտի թուրքական սահմանի համար։ Անկարան պնդում է, որպեսզի անվտանգության ծրագրվող գոտու վերահսկողությունն ապահովվի բացառապես հանրապետության ԶՈւ-ի կողմից։