Երկիրը փրկելու համար 3 տրիլիոն դոլար կհատկացվի. ԱՄՆ նախագահի թեկնածու
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Էլիզաբեթ Ուորրենն ընտրվելու դեպքում մտադիր է 3 տրիլիոն դոլար հատկացնել շրջակա միջավայրը փրկելու համար, հաղորդում է FoxNews-ը:
Երկիրը փրկելու նրա ծրագիրը նախատեսում է հաջորդ 10 տարիների ընթացքում մաքուր էներգիայի օգտագործում: Դա ենթադրում է զրոյական արտանետումներ եւ մաքուր էներգիա ավտոմեքենաների, շենքերի, արտադրողների եւ այլնի համար:
«Համաշխարհային առաջատար փորձագետները վաղուց գիտեն, որ կլիմայի փոփոխությունն առաջացրել է մարդը, եւ այդ գործընթացը թափ է հավաքում: Մենք արդեն տեսնում ենք դրա հետեւանքները՝ ռեկորդային ջրհեղեղներ, ավերիչ անտառային հրդեհներ, փոթորիկներ, որոնք կյանքեր են խլում, վնաս հասցնում միլիարդավոր դոլարների չափով… Սա արտակարգ իրավիճակ է, եւ առանց արագ եւ մասշտաբային փոփոխությունների անհնար է կանխել վատագույն սցենարը»,- նշել է նա:
Ուորրենն ընդգծել է, որ հավելյալ 1 տրիլիոն դոլար կհատկացնի 10 տարվա ընթացքում եւ որ դրա համար կչեղարկի «ամենահարուստների եւ հսկայական կորպորացիաների» համար հարկերի նվազեցման մասին Թրամփի հրամանագիրը:
ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ իր ծրագիրը կառավարության համար կարժենա «3 տրիլիոն դոլարի չափով դաշնային ներդրումներ» եւ կներգրավի մասնավոր ներդրումներ ու կստեղծի միլիոնավոր աշխատատեղեր: