Պարտավորությունների կրճատման երրորդ փուլը կարագացնի Իրանի միջուկային գործունեությունը. Ռոհանի
Միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլը նոր ազդակ կհաղորդի Իրանի միջուկային գործունեությանը: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նախարարների կաբինետի նիստի ժամանակ Ռոհանին կասկած է հայտնել, թե Իրանը մինչեւ երրորդ փուլի վերջնաժամկետը համաձայնության կհասնի Եվրոպայի հետ:
Թեհրանը մինչեւ սեպտեմբերի 7-ը ժամանակ է տվել համաձայնագրի մասնակից եվրոպական երկրներին՝ Իրանի տնտեսական շահերի պաշտպանության նպատակով (հատկապես նավթի արտահանումը՝ ի դեմս ԱՄՆ-ի պատժամիջոցների) արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար:
«Երրորդ փուլը, հավանաբար, աչքի չի ընկնում, սակայն չափազանց կարեւոր բնույթ ունի եւ զգալիորեն կարագացնի միջուկային գործունեությունը»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ «այդ քայլն առավել կարեւոր է, եւ դրա հետեւանքները հսկայական են»:
Ռոհանին հավելել է, որ Իրանը մոտ օրերս կհայտարարի պարտավորությունների հետագա կրճատման հարցով իր ծրագրերի մասին:
Նա նաեւ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ֆրանսիան խոստանում է եվրոպական երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ բանակցություններ վարել: «Նրանք գիտեն՝ ինչ ենք մենք ցանկանում, եւ մենք գիտենք՝ ինչ են նրանք ցանկանում, եւ ամեն ինչ պարզ է: Սակայն որոշ այլ դեպքերում տարաձայնություններ ունենք»,- ընդգծել է Իրանի նախագահը: