Նախկին մարդակերը դարձել է բրիտանական հոգեբուժական կլինիկայի խոհարարը
Նախկին մարդակերը դարձել է բրիտանական հոգեբուժական կլինիկայի խոհարարը, հայտնում է Daily Mirror պարբերականը:
46-ամյա Գրեմ Ֆիշերը պատիժ է կրում Բրոդմուրի կլինիկայում, որը Մեծ Բրիտանիայի ամենախիստ պահպանվող հոգեբուժարաններից է, որտեղ հայտնվում են սերիական մարդասպանները, ահաբեկիչները եւ անմեղսունակ ճանաչված այլ հանցագործները: Վերջերս նրան թույլ են տվել պացիենտների համար պատրաստել կարրի հավ, պիցցա եւ բիսկվիտներ:
«Սիրում եմ եփել, - ծանոթին ուղղած նամակում պնդում է Ֆիշերը: - Ես թխել եմ բանոֆիի համով (անգլիական կարկանդակ բանանով, սերուցքով, կարամելով եւ եփած խտացրած կաթով), կոճապղպեղի եւ կիտրոնի բիսկվիտներ: Ինձ նաեւ դուր է գալիս կարրի հավ պատրաստելը: Պարզ բաղադրատոմս է, որն անձամբ ես նախընտրում եմ՝ դա պանրով, լոլիկով եւ սոխով տոստեր է՝ պատրաստված ջեռոցում»:
1998 թվականի հունվարին Ֆիշերը խեղդել էր 40-ամյա հարեւանուհուն եւ կերել նրա թեւը: Նույն ամսին նա սպանել էր մոտակայքում ապրող 75-ամյա կնոջ, ինչպես նաեւ բռնաբարել ու սպանել էր Չեխիայից ուսանողուհու: Հանցագործը եւս մեկ հանցագործություն կատարել էր 1991 թվականին, երբ 18 տարեկան էր: Ֆիշերը կատարածի մասին խոստովանել էր միայն 2008 թվականին, երբ 5 տարվա բանտարկություն էր կրում Իսպանիայից ուսանողների վրա հարձակման համար: 2010 թվականին նրան դատապարտել են ոչ պակաս 21 տարվա ազատազրկման:
Բրոդմուրում Ֆիշերը գիրացել է մինչեւ 134 կգ: Քաշի հավաքումը կանգնեցնելու համար պահանջվել է ստամոքսի բանդաժավորում: Այն արժեցել է 15 հազար ֆունտ սթերլինգ:
Լուր