Փարիզի արվարձաններում հայտնվել են «ձայնային ռադարներ»
Հանգիստ եւ խաղաղ արվարձանների բնակիչները չեն սիրում, երբ որեւէ բան խաթարում է իրենց փողոցների հովվերգական մթնոլորտը՝ լինի դա խլացնող երաժշտություն թե շարժիչների ձայն։ Եւ Փարիզի հենց նման մի արվարձանի՝ Վիլնյով լե Ռուայի բնակիչները որոշել են, որ չեն հանդուրժի մոտոցիկլավարների եւ վարորդների առաջացրած չափազանց բարձր աղմուկը։
Նրանք տեղադրել են հատուկ «ձայնային ռադար»։ Այն հագեցած է չորս միկրոֆոնով եւ ինքնուրույն կարող է որոշել, թե որտեղից է գալիս ձայնը։ Այժմ այն հավաքում է միայն դեցիբելի մասին տվյալները, սակայն ապագայում, ինչպես ակնկալում է քաղաքապետը, կհաջողվի կատարելագործել սարքը, հայտնում է Reuters-ը։
«Առայժմ ռադարը հագեցած է լրացուցիչ տեսախցիկով, որը անընդհատ տեսագրում է պատկերը, սակայն գաղափարն, իհարկե, այն է, որպեսզի միավորվեն տեսանյութն ու աղմուկի մասին տվյալները, եւ հստակ որոշվի, թե ով է աղմկում, եւ ուր է գնացել կարգազանցը։ Այսպես մենք կհասնենք իդեալական ճշգրտության»,- ասել է Վիլնյով լե Ռուայի քաղաքապետ Դիդյե Գոնսալեսը։
Առայժմ սարքն աշխատում է թեսթային ռեժիմով։ Իշխանությունները մտադիր են գործարկել ռադարը այն ժամանակ, երբ կառավարությունն ընդունի նման սարքեր օգտագործելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը։ Այժմ Ֆրանսիայում գործում են ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների աղմուկը սահամանափակող օրենքներ, միայն թե դրանց կիրառման հարցում խնդիրներ կան։
Նման սարքեր թեսթավորվում են ոչ միայն Վիլնյով լե Ռուայում, այլ նաեւ Փարիզի այլ շրջաններում։ Շուտով դրանք կհայտնվեն նաեւ մայրաքաղաքի Սեն Ֆորժե արվարձանում, որը հայտնի է մոտոցիկլավարաների շրջանում։