2010-ից ի վեր Ամազոնիայում հրդեհների թիվը ռեկորդային է դարձել
Հրդեհների գրեթե 31 հազար օջախ է գրանցվել անցած ամիս բրազիլական Ամազոնիայում։ Դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին ինը տարում եւ գրեթե կրկնակի ավելին է, քան մեկ տարի առաջ, կիրակի տեղեկացրել է Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inpe), հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Տարեսզկբից Ամազոնիայում գրանցվել է 46 հազար 825 հրդեհ։ Համաձայն գերատեսչության վիճակագրության՝ հրդեհների ռեկորդային թիվ՝ 63 հազար 764, գրանցվել է 2005 թվականին։ Այդ ժամանակ էլ սահմանվել էր բնական հրդեհների «ռեկորդ ամբողջ երկրում, հունվար-սեպտեմբեր ընթացքում՝ մոտ 150 հազար օջախ։ Inpe-ի տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ Բրազիլիայի տարածքում, ինչը կազմում է բիոմի տարածքի 0,44 տոկոսը։
Անցած շաբաթ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս բանակը ներգրավել ամազոնյան անտառների հրդեհաշիջմանը։ Երկրի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ հակահրդեհային միջոցառումներին մասնակցում է ավելի քան 43 հազար զինվորական։ Այդ նպատակների համար հարավամերիկյան հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 38,5 մլն ռեալ (ավելի քան 9 մլն դոլար), չնայած ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանություններն անհրաժեշտ միջոցներ չունեն։
Հակահրդեհային գործողությանը մասնակցում են 15 օդանավ եւ 150 միավոր հատուկ տեխնիկա Ամազոնի ռազմական օկրուգից, որը գտնվում է Ռոնդոնիա նահանգի մայրաքաղաքում՝ Պորտու Վելյուում (Ամազոնիայի արեւմուտք)։ Երկրորդ զինվորական խմբավորումը՝ հյուսիսային ռազմական օկրուգինը, պայքարում է հրդեհների դեմ շրջանի արեւելյան մասում, Պարա նահանի Բելենա մայրաքաղաքից։
Զինվորականներին օգնում են նաեւ տարածաշրջանային հարեւանները՝ Չիլիից Բրազիլիա են եկել չորս ինքնաթիռ եւ 3 մասնագետ, եւս մեկ ինքնաթիռ՝ հրշեջների թիմով, եկել է Էկվադորից։ Բացի այդ, հարավամերիկյան հանրապետության կառավարությունը համաձայնել է ընդունել Իսրայելի օգնությունը, ինչպես նաեւ Լոնդոնի թիրախային ֆինանսավորումը՝ 10 մլն եվրոյի (12,1 մլն) չափով։